OpenAI ընկերության արհեստական բանականությունը կոտրել է Ավստրալիայի պետական Medicare պորտալը, որը ներկայացնում է բժշկական ապահովագրության համակարգի վիճակագրությունը։ Վարչապետ Էնթոնի Ալբանիզը տեղի ունեցածն անվանել է «անընդունելի» և OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանին հայտնել է իր «խիստ մտահոգությունը»։
Ալբանիզի առանձնահատուկ դժգոհությունն առաջացրել է այն, որ OpenAI-ն չափազանց երկար ժամանակ չի տեղեկացրել Ավստրալիայի կառավարությանը, գրում է Bild-ը։ Կոտրումը տեղի է ունեցել դեռ հունիսին, սակայն իշխանությունները դրա մասին իմացել են միայն այժմ՝ սեպտեմբերին։ ԱԲ գործակալը մուտք է ստացել ապահովագրական համակարգի հանրային և ոչ հանրային ֆայլերին։ Ընդ որում, անձնական տեղեկություններն, ըստ ամենայնի, չեն տուժել, և առանձին անձինք չեն վնասվել, հայտարարել է Ալբանիզը։
OpenAI-ի մտահղացմամբ՝ ԱԲ ծրագիրը պետք է որոներ առողջապահության հետ կապված վիճակագրություն։ Ավստրալիայի կառավարության մի քանի կայքերում այն գործել է այնպես, ինչպես կգործեր սովորական օգտատերը, հայտարարել է փոխվարչապետ Ռիչարդ Մարլզը։ Սակայն Medicare պորտալում ԱԲ-ն բաց հասանելիությամբ չի հայտնաբերել անհրաժեշտ տեղեկատվությունը, ինչից հետո որոշել է գնալ այլ ճանապարհով։ «ԱԲ գործակալը գտել է արգելափակումները շրջանցելու եղանակ. կարելի է ասել, որ նա չէր ցանկանում «ոչ»-ն ընդունել որպես պատասխան»,- հայտարարել է Ալբանիզը։ Թե այս կերպ որքան տվյալ է ստացել ԱԲ կոտրիչը, դեռ ճշտվում է։
Անհայտ է նաև, թե արդյոք ԱԲ-ն հարձակվել է նաև Ավստրալիայի կառավարության այլ կայքերի վրա։ OpenAI-ն հայտնել է, որ ներքին ստուգման ընթացքում հայտնաբերել է ակտիվություն Ավստրալիայի մի քանի պետական կայքերում. ԱԲ-ն փորձում էր գտնել կառավարական վիճակագրություն։ «Միաժամանակ մեր մոդելները կատարել են գործողություններ, որոնք մենք չէինք նախատեսում թույլ տալ»,- հայտարարել է ընկերության ներկայացուցիչը։





























