Մոլդովայում, Շտեֆան-Վոդեի շրջանի Վոլինտիր գյուղի շրջանում, Ուկրաինայի սահմանի մոտ, հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի բեկորներ։ Սարքի հատվածները գտել են սեպտեմբերի 26-ի երեկոյան՝ տեղի բնակիչների հաղորդումից հետո։
Մոլդովայի Սահմանային ոստիկանության տվյալներով, հայտնաբերման մասին տեղեկությունը ստացվել է տեղական ժամանակով մոտ 20:25-ին։ Գերատեսչության աշխատակիցները բնակավայրից դուրս՝ գետնի վրա, հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի բեկորներ։
Դեպքի վայրն անհապաղ շրջափակվել է։ Իշխանությունները իրականացնում են անհրաժեշտ միջոցառումներ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար։
Սահմանային ոստիկանությունը, այլ իրավասու մարմինների հետ համատեղ, շարունակում է վերահսկել իրավիճակը և կապ է պահպանում ուկրաինական իշխանությունների հետ։
Գերատեսչությունը բնակիչներին կոչ է արել չմոտենալ հայտնաբերված թռչող սարքերի բեկորներին, ռազմամթերքին կամ այլ անհայտ առարկաներին և չդիպչել դրանց։ Նման օբյեկտներ հայտնաբերելու դեպքում քաղաքացիներին խորհուրդ է տրվում հեռանալ անվտանգ հեռավորության վրա և հայտնաբերման մասին անհապաղ տեղեկացնել 112 միասնական արտակարգ օգնության համարով։




























