OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանին և Anthropic-ի ղեկավար Դարիո Ամոդեյին կանչել են Ավստրալիայի խորհրդարանական լսումների, այն բանից հետո, երբ ընկերությունների հետ կապված ԱԲ գործակալները չարտոնված մուտք են ստացել ԱՄՆ-ի և Ավստրալիայի պետական մարմինների կայքեր, հայտնում է The Guardian-ը։
Երկու ընկերությունների ղեկավարները պետք է մասնակցեն հետաքննությանը, որն անցկացնում են ավստրալական «կանաչները»։ Այն ղեկավարում է սենատոր Սառա Հենսոն-Յանգը։ Լսումները նվիրված են արհեստական բանականության զարգացմանն ու տվյալների կենտրոնների կառուցմանը։
Հենսոն-Յանգը հայտարարել է, որ Ալթմանը պետք է հրապարակավ պատասխանի ավստրալական պետական կայքերի կոտրման վերաբերյալ հարցերին։ Ըստ նրա, տեղի ունեցածը չպետք է քննարկվի բացառապես փակ դռների հետևում, քանի որ հանրությունը իրավունք ունի իմանալու, թե ինչ է տեղի ունեցել։
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն, որը շաբաթ օրը վերադարձել է Սիդնեյ, նույնպես OpenAI-ից բացատրություններ է պահանջել։ Նա հայտնել է, որ շաբաթվա սկզբին զրուցել է Ալթմանի հետ, որն առաջարկել է շարունակել անվտանգության հարցերի քննարկումը։
Ալբանեզեն հայտարարել է, որ OpenAI-ի հաստատումը այն մասին, որ նրա ԱԲ գործակալները միջամտել են նաև ամերիկյան պետական կայքերի աշխատանքին, վկայում է «տասնյակ» դեպքերի առկայության մասին, երբ ԱԲ-ն առանց թույլտվության հասանելիություն է ստացել տեղեկատվությանը։
«Սա հաստատում է համապատասխան ազգային, ինչպես նաև միջազգային արձագանքի անհրաժեշտությունը, որպեսզի մարդիկ պահպանեն վերահսկողությունը», — ասել է վարչապետը։
Ավստրալիայի շրջակա միջավայրի նախարար Մյուրեյ Ուոթը OpenAI-ի գործողություններն անվանել է «լիովին անընդունելի»։ Ըստ նրա, ընկերությունը պետք է ավելին անի, որպեսզի ավստրալացիները կարողանան վստահել նրա տեխնոլոգիաներին, իսկ դրա համար OpenAI-ն և ԱԲ-ի մյուս մշակողները պետք է գործեն ավելի թափանցիկ և ավելի արագ տեղեկատվություն տրամադրեն նման միջադեպերի մասին։
OpenAI-ի և Anthropic-ի ղեկավարներին լսումների կանչելը տեղի է ունենում ընկերությունների և Ավստրալիայի կառավարության միջև ընթացող բանակցությունների ֆոնին։ Ընկերությունները ձգտում են ավելի լայն հասանելիություն ստանալ ավստրալական բովանդակությանը՝ իրենց մոդելները ուսուցանելու համար, միաժամանակ քննարկելով երկրում իրենց ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը։
Լսումները նաև անդրադառնում են ԱԲ-ի կարգավորման ավելի լայն հարցին։ Ավստրալական «կանաչները» հանդես են գալիս արհեստական բանականության զարգացման միջազգային սահմանափակումների և երկրում նոր տվյալների կենտրոնների կառուցման մորատորիումի օգտին։
Հենսոն-Յանգը հայտարարել է, որ խոշոր ԱԲ ընկերությունների ղեկավարները պետք է բացատրեն, թե ինչպես են օգտագործում տվյալները, ինչպես նաև խոսեն տվյալների կենտրոնների գործունեության հետևանքների մասին՝ ջրի և էլեկտրաէներգիայի սպառման, տեղական համայնքների և մշակույթի վրա։
Խորհրդարանական հետաքննության հաջորդ լսումները կկայանան Կանբեռայում հոկտեմբերի 1-ին։





























