Ավելի քան 130 հազար սպառողներ ԱՄՆ-ի հյուսիսարևելքում և Միջինատլանտյան նահանգներում կիրակի առավոտյան մնացել են առանց էլեկտրաէներգիայի՝ հզոր աշնանային փոթորկի պատճառով, որը շարունակել է հարվածել ափամերձ շրջաններին, հայտնում է Associated Press-ը։
Ուժեղ քամին տապալել է ծառեր և վնասել էլեկտրահաղորդման գծերը, իսկ առափնյա շրջանները ենթարկվել են լայնածավալ ողողումների։
Անջատումների ամենամեծ թիվը գրանցվել է Նյու Ջերսիի ափամերձ գոտում, Լոնգ Այլենդում և Կոնեկտիկուտի ափամերձ շրջաններում։ Լոնգ Այլենդում ընկած ծառերը վնասել են տներ և ավտոմեքենաներ, փակել փողոցներ և պոկել բազմաթիվ էլեկտրահաղորդման գծեր։
Օդերևութաբանները զգուշացրել են, որ վտանգը պահպանվում է․ կիրակի սպասվում են բարձր մակընթացության նոր փուլեր, որոնք կարող են հանգեցնել ափի խոցելի հատվածների հետագա ջրածածկման։ ԱՄՆ-ի Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով, ամենաուժեղ տեղումները պետք է անցնեն Նյու Ջերսիի հյուսիսով, Նյու Յորքով, Լոնգ Այլենդով և Նոր Անգլիայի հարավով։
Փոթորիկը, որը դանդաղ տեղաշարժվում է Լոնգ Այլենդից հարավ և հյուսիսային Նյու Ջերսիից արևելք գտնվող շրջանում, պետք է տարածաշրջանում մնար ևս մոտ մեկ օր։ Թեև դրա ուժգնությունը աստիճանաբար նվազում էր, սակայն օդերևութաբանները նշում էին, որ ամենալուրջ սպառնալիքները շարունակում են մնալ ուժեղ քամին և մակընթացային ջրհեղեղները։
Որոշ ափամերձ շրջաններում տարերքի հետևանքները հատկապես նկատելի են եղել։ Նյու Ջերսիում Սի-Բրայթ քաղաքի փրկարարները ջրով լցված մեքենայից դուրս են բերել մի կնոջ և նրա շանը։ Սերֆ Սիթիում ջուրը բարձրացել է մարինայի տարածքում, թեև աշխատակիցները նախապես սարքավորումները տեղափոխել էին ավելի բարձր տեղ։ Սեփականատերերը հայտնել են նավակների և հիդրոցիկլների մասին, որոնք պոկվել են կայանման տեղերից։
Առանձին շրջաններում ջրածածկ փողոցներն այնքան խորն էին, որ բնակիչները դրանցով տեղաշարժվում էին կայակներով։ Վիրջինիա նահանգի Նորֆոլքում մեքենաները ջրով ողողված փողոցներով վարելիս ալիքներ էին բարձրացնում։
Տարերքը խաթարել է նաև տրանսպորտային հաղորդակցությունը։ Բոստոնի Լոգան միջազգային օդանավակայանում չեղարկվել են հարյուրավոր չվերթներ։ Հյուսիսային Կարոլինայի Հատերաս կղզի տանող մայրուղին ջրածածկման պատճառով փակվել է, ինչի հետևանքով զբոսաշրջիկները չեն կարողացել լքել կղզին։ Մի զույգ ստիպված է եղել փոխել հարսանիքի անցկացման վայրը այն բանից հետո, երբ մոտ 45 հրավիրված հյուրերի մեծ մասը չի կարողացել հասնել այնտեղ։
ԱՄՆ-ի Դաշնային արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը տուժած շրջանների համակարգման կենտրոնները տեղափոխել է ուժեղացված աշխատանքի ռեժիմի։ Նոր Անգլիայում փրկարարական խմբերը պատրաստ վիճակում են՝ էլեկտրաէներգիայի նոր զանգվածային անջատումների դեպքում արձագանքելու համար։
Փոթորիկը նաև հանգեցրել է Նյու Յորքի բնակարանային տնտեսության վարչության աշխատակցի մահվանը․ շաբաթ օրը նրա վրա ծառ է ընկել։
Օդերևութաբանները զգուշացնում են, որ այս համակարգը կարող է լինել ԱՄՆ-ի արևելյան ափին այս սեզոնի մի քանի հզոր աշնանային փոթորիկներից առաջինը։





























