Պակիստանում տղամարդը փորձել է իր երեք տարեկան դստերը վաճառել տեղաբնակ տարեց տղամարդու։ Այս մասին հայտնում է GB News-ը։

Գործարքից առաջ նույն ընտանիքում մեկ այլ դեպք էր տեղի ունեցել։ Երեխայի անչափահաս քրոջը (որը 14 կամ 15 տարեկան էր) ամուսնացրել էին 60-ամյա Սալահ Ուդդինի որդու հետ։ Աղջիկն ապրում էր իր 30-ամյա ամուսնու տանը, սակայն ժամանակ առ ժամանակ դուրս էր նայում փողոց։ Մի օր դա զայրացրել էր ամուսնուն, և նա երկաթյա ձողերով ծեծի էր ենթարկել կնոջը։ Դեռահասը չէր փրկվել։ Ամուսնությունը տևել էր ընդամենը մեկ տարի։

Աղջիկների հոր խոսքով՝ Ուդդինը ճնշում էր գործադրում իր վրա և պահանջում երկրորդ գործարքը կազմակերպել «վալվար» սովորույթի համաձայն։ Այդ սովորույթի համաձայն՝ հարսնացուին վերցնում են ընտանիքից և դրա դիմաց վճարում։ Դա չի նշանակում, թե աղջիկը դրանից անմիջապես հետո տեղափոխվում է ամուսնու տուն, սակայն այդ պահից ի վեր նա այլևս չի կարող ուրիշ փեսացու ընտրել։

Երեք տարեկան աղջկան ամուսնացրել էին այս սովորույթով, սակայն ընտանիքը գումարը չէր ստացել։ Այժմ Ուդդինը գտնվում է հետախուզման մեջ, իսկ ոստիկանությունը պարզում է պատահարի հանգամանքները։