Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև Մեքքայի համաձայնագրի շրջանակում ստեղծված Ռազմավարական քաղաքական-պաշտպանական կոմիտեի նիստը մոտ ժամանակում կանցկացվի Էր Ռիյադում։ Առաջիկա հանդիպման մասին հայտնել է Պակիստանի արտգործնախարար Իսհակ Դարը։

«Սկզբունքորեն Ռազմավարական քաղաքական-պաշտպանական կոմիտեի նիստի անցկացումը համաձայնեցված է, այն շատ շուտով տեղի կունենա Էր Ռիյադում», - մամուլի ասուլիսում հայտարարել է Դարը։ Ըստ նրա՝ կոմիտեի կազմում յուրաքանչյուր երկրից ընդգրկված է երեք ներկայացուցիչ՝ արտգործնախարարները, պաշտպանության նախարարները և գլխավոր շտաբների պետերը։ Նախարարը հստակեցրել է, որ առաջիկա հանդիպումը, մասնավորապես, նվիրված կլինի Սաուդյան Արաբիայի դեմ Եմենի ապստամբական «Անսար Ալլահ» շարժման հութիների հարձակումների շուրջ ստեղծված իրավիճակին։

Մեքքայի համաձայնագիրը օգոստոսի 7-ին ստորագրել են Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։ Այն նախատեսում է, որ երկրներից մեկի վրա հարձակումը կդիտարկվի որպես ագրեսիա համաձայնագրի բոլոր մասնակիցների դեմ։