Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղուդս» ուժերի համակարգման հարցերով հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Իրաջ Մասջեդին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պարտություն կկրի, եթե ցամաքային ներխուժում ձեռնարկի Իրանի դեմ, հաղորդում է Mehr-ը։

«Եթե ամերիկացիները նման քայլերի դիմեն, ապա Իսլամական Հանրապետությունն ու Դիմադրության ճակատը հզոր կերպով կմտնեն պայքարի մեջ, և հակառակորդը, անկասկած, պարտություն կկրի», — ասել է Մասջեդին՝ Վաշինգտոնին զգուշացնելով «այդպիսի հիմար քայլ» չանել։

Գեներալը հայտարարել է, որ ԻՀՊԿ-ի «Ղուդս» ուժերը պատրաստ են դիմակայել ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային գործողությանը։ Ըստ նրա, Իրանն այսօր ավելի ուժեղ է, քան նախորդ տասնամյակներին, և նույնը վերաբերում է նաև «Դիմադրության ճակատին»։

Մասջեդին նաև մերժել է այն ենթադրությունը, թե Իրանին դաշնակից զինված խմբավորումների տարածաշրջանային ցանցը կարող էր թուլանալ ռազմական գործողությունների կամ առանձին հրամանատարների մահվան հետևանքով։ Նրա համոզմամբ, «Դիմադրության ճակատը» վերածվել է «հզոր ուժի» և մնում է կարևոր գործոն տարածաշրջանային և միջազգային ասպարեզում։

Մասջեդիի հայտարարությունը հնչել է Իրանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր նոր ռազմական գործողության քննարկումների ֆոնին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ դիտարկում է Թեհրանի նկատմամբ հետագա գործողությունների տարբերակները։ Իրանական իշխանություններն էլ, իրենց հերթին, բազմիցս հայտարարել են հնարավոր նոր հարձակմանը պատասխանելու պատրաստակամության մասին։

Մասջեդին ընդգծել է, որ ցամաքային ներխուժման դեպքում Իրանը և նրա հետ կապված տարածաշրջանային ուժերը կգործեն համատեղ։ Ընդ որում, ԱՄՆ-ի անխուսափելի պարտության մասին պնդումը իրանցի գեներալի գնահատականն է։