Չեխիայում քանդել են Լիբլիցեում գտնվող երկու՝ 355 մետրանոց ռադիոաշտարակները, որոնք շուրջ կես դար համարվել են երկրի ամենաբարձր կառույցները, հաղորդում է iDNES.cz-ը։
Դրանց ապամոնտաժման համար České Radiokomunikace ընկերությունն օգտագործել է 4,5 կգ Semtex պայթուցիկ նյութ։ Պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:15-ին։
Քանդման ընթացքին հետևել են հարյուրավոր մարդիկ, որոնք եկել էին շրջակա քաղաքներից և գյուղերից։ Շատերն իրենց հետ բերել էին հեռադիտակներ, ոմանք եկել էին երեխաների հետ։ Տեղացիների համար աշտարակները դարձել էին բնապատկերի սովորական մաս և տան խորհրդանիշ։ «Մենք կորցրինք մեր փարոսն ու հայրենիքի խորհրդանիշը», — ասել են ականատեսները։

Աշտարակները փլուզվել են Կոլինի մոտ։ Պայթեցման ժամանակ հաջողվել է կառույցներն ուղղորդել համեմատաբար փոքր տարածքի վրա և սահմանափակել ավերման հետևանքները։ Առաջիկա 20 օրերի ընթացքում մասնագետները կշարունակեն ապամոնտաժել պողպատե կառույցները։
Լիբլիցեի ռադիոաշտարակները կառուցվել էին 1970-ականներին և ժամանակին համարվում էին Կենտրոնական Եվրոպայի ամենահզոր ռադիոհեռարձակման կառույցներից։ Իշխանություններն ու օպերատորը քննարկել էին կառույցների վաճառքի հնարավորությունը, սակայն հավանական գնորդները չկարողացան հաստատել, որ ունեն վերանորոգման և անվտանգ շահագործման համար անհրաժեշտ միջոցները։

Ապամոնտաժումից հետո Չեխիայի ամենաբարձր կառույցը դարձել է 347,5 մետր բարձրություն ունեցող Կրաշովի հեռուստառադիոաշտարակը։ Այն գտնվում է Պլզենի երկրամասում և կառուցվել է նախկին կառույցի փոխարեն, որը լուրջ վնասվել էր խորհրդային զորքերի կողմից 1968 թվականի օգոստոսին։





























