Առաջիկա օրերին Երևանը դառնալու է կենսաբազմազանության ոլորտի համաշխարհային դիվանագիտության կենտրոնը՝ մեկտեղելով պետությունների ու կառավարությունների ղեկավարներին, նախարարներին, միջազգային կառույցների, բիզնեսի, բնիկ ժողովուրդների ու տեղական համայնքների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ինչպես նաև գիտնականներին ու երիտասարդներին՝ աշխարհի տարբեր ծայրերից։ Այս մասին հոկտեմբերի 15-ին Երևանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
«Այս իրադարձությունն ընդգծում է կենսաբազմազանության առանցքային դերը մեր ընդհանուր ապագայի համար, սակայն COP17-ի հաջողությունը չի չափվելու լոկ մասնակիցների թվով։
Այն կախված կլինի նրանից, թե որքանով կկարողանանք քաղաքական հանձնառությունները վերածել գործնական քայլերի և չափելի առաջընթացի։ Չորս տարի առաջ Մոնրեալում միջազգային համայնքն ընդունեց պատմական Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության համաշխարհային ծրագրային շրջանակը՝ հանձն առնելով մինչև 2030 թվականը կասեցնել և հետ շրջել կենսաբազմազանության կորստի ընթացքը։ COP15-ը դրեց այս ծրագրի հիմքերը։
COP16-ի ընթացքում մշակվեցին դրա իրագործման կարևոր մեխանիզմները, իսկ COP17-ը կոչված է օգնելու մեզ գնահատել ընթացիկ իրավիճակը․ ի՞նչն է արդյունավետ աշխատում, որտե՞ղ է առաջընթացը թերի, և ի՞նչ է անհրաժեշտ փոխել սահմանված նպատակներն արագացնելու համար։ Առաջին անգամ մենք կիրականացնենք այս ծրագրի ներքո արձանագրված հավաքական առաջընթացի համաշխարհային ամփոփում։ Սա հնարավորություն է տալիս ազնվորեն գնահատել ձեռքբերումները, առկա բացերն ու առաջիկա չորս տարիների անելիքները։
Հենց այդ պատճառով «Կենսաբազմազանության պահպանման միջոցառումների վիճակի մասին զեկույցի» (State of Biodiversity Action Report) հրապարակումը չափազանց այժմեական է։ Ինձ համար մեծ պատիվ է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ կիսել այս կարևոր պահը։ Հայաստանի համար COP17-ի անցկացումը թե՛ միջազգային լուրջ պատասխանատվություն է, թե՛ բացառիկ հնարավորություն՝ բնության պահպանությանն ուղղված քայլերը ազգային մակարդակով ակտիվացնելու համար։ Հայաստանի եզակի կենսաբազմազանությունը մեր ազգային մեծագույն հարստություններից է։
Դրա պաշտպանությունը պահանջում է առավել ակտիվ ջանքեր՝ էկոհամակարգերի պահպանման ու վերականգնման ուղղությամբ, բնության հատուկ պահպանվող տարածքների առավել արդյունավետ կառավարում, մշտադիտարկման համակարգի բարելավում, ինչպես նաև կենսաբազմազանության հարցերի առավել խորքային ներառում տնտեսական և կառավարչական որոշումների կայացման գործընթացներում։ Մենք առաջընթաց ենք արձանագրել կենսաբազմազանության ոլորտի մեր ազգային օրակարգի իրագործման հարցում, այդ թվում՝ «Կենսաբազմազանության պահպանության 2026–2030 թվականների ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի» շրջանակներում։ Միևնույն ժամանակ գիտակցում ենք, որ դեռևս առկա են լուրջ մարտահրավերներ՝ առաջին հերթին սահմանված նպատակների գործնական իրականացման կարողությունների զարգացման և կայուն ֆինանսավորման ներգրավման տեսանկյունից։
Մեր պատասխանատվությունը չի սահմանափակվում լոկ բնությունը տնտեսական գործունեությունից պաշտպանելով․ մենք պետք է ապահովենք, որ մեր զարգացման մոդելը չխաթարի այն բնական համակարգերը, որոնցից կախված են մեր տնտեսություններն ու հասարակությունները։ Սա ինձ տանում է դեպի հայկական նախագահության առանցքային գաղափարներից մեկը․ կենսաբազմազանության հարցերը չպետք է մնան բացառապես բնապահպանության նախարարությունների տիրույթում։
Կենսաբազմազանության պահպանումն անբաժանելիորեն կապված է պարենային և ջրային անվտանգության, տնտեսական կայունության, հանրային առողջապահության և ապագա սերունդների բարօրության հետ։ Հենց այդ պատճառով մենք հատուկ շեշտադրում ենք անում պետական բոլոր կառույցների ու ողջ հասարակության ներգրավման, ֆինանսական միջոցների հավաքագրման, ինչպես նաև նախանշված նպատակների իրագործման համար անհրաժեշտ գիտական և մշտադիտարկման կարողությունների հզորացման վրա։
Առաջնորդների գագաթնաժողովը կարևոր հնարավորություն կընձեռի կենսաբազմազանության հիմնախնդիրները բարձրացնելու ամենաբարձր քաղաքական մակարդակում։ Մեր նպատակն է ոչ թե պարզապես պետությունների ղեկավարներին մեկտեղել մեկ միջոցառման շուրջ, այլ նպաստել կայուն քաղաքական մեխանիզմի ձևավորմանը, որը թույլ կտա շարունակել հանձնառությունների իրագործման աշխատանքները COP17-ի ավարտից հետո ևս։ Առաջիկա օրերին մենք նախատեսում ենք քննարկումներ ծավալել նաև շրջակա միջավայրի և ֆինանսների նախարարների, ինչպես նաև որոշում կայացնող այլ պաշտոնատար անձանց հետ՝ քաղաքականությունը, ներդրումներն ու ֆինանսական հոսքերը կենսաբազմազանության ոլորտում մեր ստանձնած պարտավորություններին լավագույնս համապատասխանեցնելու շուրջ։
Մենք ձգտում ենք նաև, որ COP17-ը լինի ներառական իրադարձություն՝ ապահովելով բնիկ ժողովուրդների, տեղական համայնքների, կանանց, երիտասարդության, քաղաքացիական հասարակության, գիտնականների և գործարար համայնքի լիարժեք մասնակցությունը։ Աշխարհաքաղաքական լուրջ մարտահրավերների ներկայիս պայմաններում հայկական նախագահությունը նպատակադրված է նպաստելու երկխոսությանը, մերձեցնելու տարբեր դիրքորոշումները և օգնելու կողմերին փոխհամաձայնության հասնել։
Գլոբալ ամփոփումը լավ հիմք կծառայի այս քննարկումների համար, սակայն իրավիճակի ընկալումը ընդամենը առաջին քայլն է։ Մեզ անհրաժեշտ է այդ ընկալումը վերածել հստակ որոշումների, ռեսուրսների և գործնական մեխանիզմների, որոնք կարագացնեն իրագործման գործընթացը։ Իմ կարծիքով՝ COP17-ի հաջողությունը կայանալու է տնտեսական որոշումներում ու զարգացման ռազմավարություններում կենսաբազմազանության հարցերի առավել խորքային ներառման, համագործակցության ու ֆինանսավորման ընդլայնման, ինչպես նաև այնպիսի ազդակի ձևավորման մեջ, որը պահպանվելու է Երևանի համաժողովի ավարտից հետո ևս։ Եվ թող Երևանը հիշվի ոչ միայն որպես մի վայր, որտեղ աշխարհը գնահատեց ձեռք բերված առաջընթացը, այլև որպես մի վայր, որտեղ այդ գնահատականն օգնեց արագացնել գործնական քայլերը՝ ի նպաստ բնության»,- նշեց հայ նախարարը։
Նա հավելեց, որ «30-ը 30-ի նկատմամբ» նպատակներին հասնելու համար (մինչև 2030 թվականը ցամաքային և ջրային տարածքների 30%-ի պահպանություն) դեռ շատ անելիքներ կան։
«Ընդհանուր առմամբ, սկզբունքային որոշումներն արդեն ընդունված են, և Հայաստանը հաստատակամ է դրանք կյանքի կոչելու հարցում։ Մենք համաձայնել ենք այս օրակարգին, սակայն, ինչպես և այլ պետություններ, նախանշված նպատակներին հասնելիս կարող ենք բախվել դժվարությունների։
Ուստի որոշեցինք մշակել առաջարկություններ, որոնք կարող են նպաստել այս գործընթացի արագացմանը։ Ինչ վերաբերում է մշտադիտարկմանը, ապա դա համաշխարհային մակարդակով կարևորագույն հարցերից է։ Եթե մենք մշտապես ընդգծում ենք, որ ընդունվող որոշումները պետք է հենվեն գիտական տվյալների վրա, ապա, հաշվի առնելով տեխնոլոգիաների զարգացումն ու Հայաստանի դերն այս ոլորտում, նման առաջարկությամբ հանդես գալը լիովին հիմնավորված է։
Հայաստանը բարձրլեռնային երկիր է։ Լեռնային և բարձրլեռնային համակարգերը քաղցրահամ ջրի կարևոր աղբյուր են․ դրանք ապահովում են ջրային պաշարների 55-ից 60 տոկոսը։ Ցավոք, բարձրլեռնային գոտիներում բնության հատուկ պահպանվող տարածքների մակերեսը դեռևս բավարար չէ․ դրանք ընդգրկում են նման հողերի ընդամենը 19 տոկոսը։ Ըստ այդմ՝ մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում հենց լեռնային էկոհամակարգերին։ Եվս մեկ հանգամանք․ խոսքը արդյունավետ միջոցառումների մասին է, մասնավորապես՝ տարածքներին և հողային զանգվածներին առնչվող։ Սա կապված է հիշատակված ազգային կենտրոնի հետ և վերաբերում է, նախևառաջ, բնության հատուկ պահպանվող տարածքներին։ Մոտ ապագայում նախատեսում ենք հանդես գալ մի շարք օրենսդրական նախաձեռնություններով։ Բացի այդ, մի քանի ամիս առաջ Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» նոր օրենքը, որում նախատեսված են դրույթներ՝ ուղղված նման տարածքների ընդլայնմանն ու մակերեսի ավելացմանը։
Սա կարող է դառնալ ևս մեկ գործիք նախանշված նպատակներին հասնելու համար։ Վերջապես, կան խրախուսման դրական մեխանիզմներ, և Երևանը կոչ է անում կիրառել դրանք։
Խոսքը կենսաբազմազանության և տնտեսության փոխկապակցվածության մասին է։ Ինչպես նշեց տիկին Անդերսոնը, կենսաբազմազանության ոլորտում ներդրված յուրաքանչյուր դոլար ապահովում է երեսնապատիկ վերադարձելիություն։ Սա նույնպես իր նպաստն է բերում նշված նախաձեռնությունների իրագործմանը»,- հավելեց նախարարը։





























