Հորմուզի նեղուցը փակ է, և դրա միջով անցումը պետք է համաձայնեցվի իրանական կողմի հետ, հայտարարել է Իրանի բանակի համակարգող տեղակալի պաշտոնակատար, փոխծովակալ Հաբիբոլլա Սայյարին, հայտնում է իրանական Mehr գործակալությունը:
Իր խոսքերը հաստատելու համար նա մատնանշել է ԱՄՆ-ում բենզինի գների աճը։
«Եթե նեղուցը փակ չլիներ, և նավթը շարունակեր անցնել դրա միջով, ապա Միացյալ Նահանգներում բենզինի գները չէին աճի»,- հինգշաբթի բանակային բուժքույրերի մեծարման արարողության շրջանակում լրագրողներին ասել է Սայյարին։
Նրա գնահատմամբ՝ դա ակնհայտ փաստ է, որը լրացուցիչ ապացույցների կարիք չունի։
Սայյարին խոսել է նաև տարածաշրջանում իրանական ռազմածովային ուժերի տեղակայման մասին։
Նա նշել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը դիրքեր են զբաղեցնում Հորմուզի նեղուցի արևմտյան հատվածում, իսկ Իրանի կանոնավոր բանակը վերահսկում է նեղուցի արևելյան հատվածը և Օմանի ծոցից հյուսիս գտնվող ջրատարածքը։
Փոխծովակալը շեշտել է, որ նեղուցով ցանկացած անցում պետք է համաձայնեցվի։ Հակառակ դեպքում, նրա նախազգուշացմամբ, հետևանքները կարելի կլինի տեսնել նորություններում։





























