Կադրում մուլտհերոսներին ճանաչելու համար վարժեցված նեյրոցանցը հաշվարկել է տղամարդկանց և կանանց էկրանային ժամանակը 224 հանրաճանաչ մուլտֆիլմերում՝ 1937 թվականի «Սպիտակաձյունիկից» մինչև 2025-ի նորույթները։ Պատկերը պարադոքսալ է ստացվել․ անիմացիայում մարդ-հերոսների շրջանում կանայք նույնիսկ ավելի շատ են, քան կենդանի դերասաններով ֆիլմերում, բայց կենդանիները, ռոբոտներն ու հրեշները գրեթե միշտ բաժին են ընկնում տղամարդկանց։ Հետազոտությունն իրականացրել են Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանում և Բոուդոյն քոլեջում՝ պրոֆեսոր Դևիդ Բամմանի ղեկավարությամբ։ Հետազոտության արդյունքների մասին գրում է Phys.org-ը։
Տղամարդ կերպարներն էկրանին միջինում անցկացնում են կանացի կերպարներից երեք անգամ ավելի շատ ժամանակ՝ ճիշտ այնպես, ինչպես խաղարկային կինոյում։ Հավասարության ուղղությամբ շարժը սկսվել է մոտ 2010 թվականին և ուժեղացել #MeToo-ի դարաշրջանում․ ֆրանշիզներում յուրաքանչյուր նոր մասի հետ հերոսուհիներին ավելի ու ավելի շատ րոպեներ են բաժին հասնում։ Բայց երբ հերոսներին բաժանում են մարդկանց և ոչ մարդկանց, պատկերը փոխվում է․ անիմացիոն կանայք և աղջիկները նկատելիորեն առաջ են անցնում սովորական կինոյի իրենց ժամանակակիցներից, մինչդեռ կենդանիներն ու ֆանտաստիկ արարածներն էլ ավելի ուժեղ են շեղված դեպի տղամարդկանց կողմը՝ տղամարդ դերասանները նրանց հնչյունավորում են չորս անգամ ավելի հաճախ։ Խիստ ասած՝ արջերն ու ռոբոտները սեռ չունեն, բայց մուլտֆիլմերի ստեղծողները լռելյայն նրանց «արականություն» են վերագրում։
Հաշվարկի համար թիմը նեյրոցանց է վարժեցրել՝ յուրաքանչյուր կադրում կերպարների դեմքերը գտնելու և դրանք համադրելու դերերի ցանկերի հետ, որոնք ձեռքով կազմվել էին հնչյունավորող դերասանների տվյալների բազաների և երկրպագուական հանրագիտարանների հիման վրա։ Հերոսների սեռը որոշել են հնչյունավորման և երկրպագուական համայնքների էջերից վերցված դերանունների հիման վրա, իսկ հերոսներին ու չարագործներին լեզվական մոդելը նշագրել է սյուժեների վերապատմումների հիման վրա։ Ընտրանքում ներառվել են յուրաքանչյուր տարվա ամենաբարձր եկամուտ ունեցող անիմացիոն ֆիլմերը․ միասին դրանք հավաքել են ժանրի հասույթի երկու երրորդը (Disney-ի 59 ժապավեն, DreamWorks-ի՝ 46, Pixar-ի՝ 26, Illumination-ի՝ 15)։
Անակնկալներ կային նաև դերերի բաշխման մեջ։ 21-րդ դարի խաղարկային կինոյում կին չարագործները նկատելիորեն պակասել են տղամարդ չարագործներից, իսկ մուլտիպլիկացիայում տարբերություն չկա՝ կին անտագոնիստները (գեղարվեստական գրականությունում և ֆիլմերում կերպար, որը խոչընդոտում է գլխավոր հերոսին հասնել իր նպատակներին-խմբ.) պահպանում են ամենավառ դերերը։ 1990-ականներից ի վեր մուլտֆիլմերի հերոսուհիները նույնիսկ ավելի հաճախ են կադրում հայտնվում այլ կանանց հետ, քան խաղարկային ֆիլմերի դերասանուհիները (ըստ Բեքդելի թեստի հայտնի պայմանի` կանանց կերպարների ներկայացվածությունն ու գենդերային անհավասարությունը չափող պարզ մեթոդ), ինչը կտրուկ հակադրություն է Disney-ի դասականների Մոխրոտիկի և Ավրորայի մենությանը։
Վերջին տասը տարում անիմացիան հավաքել է ամենահաջող ֆիլմերի տոմսարկղային հասույթի 20–25%-ը, իսկ դրա գենդերային պատկերը մինչ այդ գնահատվում էր միայն ենթագրերում դերերի թվով․ նույն խումբը նախկինում նմանատիպ հաշվարկ էր կատարել նաև խաղարկային հոլիվուդյան կինոյի համար։ «Անիմացիան միաժամանակ թե՛ դիմադրում է խաղարկային կինոյի տղամարդակենտրոնությանը, թե՛ վերարտադրում այն»,- ամփոփում են հեղինակները՝ նկատի ունենալով աշխարհի նկատմամբ տղամարդկային դիրքից ձևավորված հայացքը։





























