Հռոմում բողոքի ակցիային մասնակցող դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Իտալիայի կրթության նախարարության շենքի վրա՝ պահանջելով հանդիպում գերատեսչության ղեկավար Ջուզեպպե Վալդիտարայի հետ, հայտնում է հռոմեական Messaggero թերթը։

«Հռոմում երթին մասնակցող դպրոցականները հասել են կրթության նախարարության շենքի մոտ, ինչից հետո ճայթուկներով հարձակվել են շենքի վրա։ Նրանք վանկարկում են՝ «Մենք այստեղից չենք գնա» և «Վալդիտարա, դուրս արի շենքից»»,- ասվում է հաղորդագրությունում։

Նախարարության մուտքի մոտ գտնվում են հատուկ հանդերձանքով ոստիկաններ և կարաբիներներ։ Ակցիայի մասնակիցները միաժամանակ վանկարկում են «Մենք ավելի շատ դասարաններ ենք ուզում, ոչ թե ռումբեր» կարգախոսը։

Ցույցն անցկացվում է կրթության ոլորտում կառավարության քաղաքականության դեմ ուսանողների համազգային մոբիլիզացիայի շրջանակում։ Կազմակերպիչների հայտարարությամբ՝ Հռոմում երթին մասնակցում է մոտ 20 հազար մարդ, իսկ ակցիայի ընթացքում օգտագործվել են պայթուցիկ փաթեթներ և այրվել են ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշները։

Ուրբաթ Իտալիայում գործադուլ է ընթանում ուսումնական հաստատություններում և կրթության ոլորտի աշխատակիցների շրջանում։ Ցուցարարները հանդես են գալիս դպրոցների անբավարար ֆինանսավորման և կյանքի թանկացման դեմ։ «No Meloni Day» կարգախոսով խոշոր ցույցեր, որոնք կապված են երկրի վարչապետի անվան հետ, անցկացվել են Իտալիայի բոլոր խոշոր քաղաքներում։

Ցույցերի մասնակիցները պահանջում են նաև ավելացնել ներդրումները դպրոցական ենթակառուցվածքներում և հանդես են գալիս ընդդեմ ռազմական ծախսերի ավելացման, ինչպես նաև Իսրայելի քաղաքականության դեմ։