Իրանը պատրաստ է նպաստել Սաուդյան Արաբիայի և Եմենի միջև տարաձայնությունների խաղաղ կարգավորմանը և կողմ է խնդիրները երկխոսության ու դիվանագիտության ճանապարհով լուծելուն։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է Mehr գործակալությունը։
Նրա խոսքով՝ Թեհրանը սկզբունքային դիրքորոշում ունի Եմենի հարցում և պատրաստ է գործադրել իր ողջ ներուժը հակամարտությանը վերջ դնելու համար։ Բաղային ընդգծել է, որ վերջին 12 տարիների զարգացումները ցույց տվեցին, որ օտարերկրյա միջամտությունը, ռազմական մեթոդներն ու շրջափակումն ի զորու չեն հանգուցալուծելու Եմենի ճգնաժամը։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը նշել է նաև, որ Եմենի բնակչությունն ավելի քան տասը տարի է՝ կրում է ծովային ու օդային շրջափակման ծանր հետևանքները։ Նրա պնդմամբ՝ դրա կազմակերպման թիկունքում կանգնած են արտաքին ուժեր (առաջին հերթին՝ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան)։
Բաղային Մերձավոր Արևելքի ու իսլամական աշխարհի պետություններին կոչ է արել համախմբել ջանքերը՝ ստեղծված իրավիճակին վերջ դնելու համար։
Մեկնաբանելով Սաուդյան Արաբիայի արտգործնախարարության ներկայացուցչի պնդումները, թե Թեհրանն իբր դրդում է եմենցիներին հարձակումներ գործել սաուդյան տարածքի վրա, Բաղային կտրականապես հերքել է ռազմական գործողություններին Իրանի որևէ առնչություն։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը մերժում է Եմենում իրականացվող ռազմական գործողություններին իր մասնակցության մասին բոլոր նման մեղադրանքները»,— ասել է նա։
Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ ճգնաժամի հաղթահարման համար անհրաժեշտ է հարգել Եմենի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, դադարեցնել ներքին գործերին միջամտությունը և, ամենակարևորը, վերացնել օդային ու ծովային շրջափակումը։
Նա նաև շեշտել է, որ Եմենի զինված ուժերն իրենց որոշումները կայացնում են ինքնուրույն՝ առաջնորդվելով բացառապես սեփական շահերով ու իրավիճակի գնահատմամբ։ Բաղայիի համոզմամբ՝ նրանք, ովքեր ծանոթ են Իրանի և իր դաշնակիցների հարաբերություններին, լուրջ չեն կարող վերաբերվել այն պնդումներին, թե Թեհրանն է եմենցիներին դրդում նման քայլերի։
Ամփոփելով՝ խոսնակն ընդգծել է, որ լարվածության հետագա սրումը, Իրանի գնահատմամբ, չի բխում կողմերից որևէ մեկի շահերից։




























