Խաղաղ օվկիանոսում ձևավորված «Թրուդի» փոթորիկն ուժգնացել է և շարժվում է դեպի Մեքսիկայի հարավարևմտյան ու կենտրոնաարևմտյան ափերը։ Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ շաբաթ օրը փոթորիկը կարող է էլ ավելի հզորանալ, հաղորդում է Associated Press-ը։
Ուրբաթ երեկոյան «Թրուդի»-ն Սաֆիր-Սիմփսոնի սանդղակով դասվում էր առաջին կարգի փոթորիկների շարքին. կայուն քամու արագությունը հասնում էր 150 կմ/ժ-ի։ Նույն օրն ավելի վաղ տարերքին շնորհվել էր երրորդ կարգ, սակայն Մայամիում գործող ԱՄՆ փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնն արբանյակային տվյալների վերլուծությունից հետո վերանայել էր գնահատականը։
Օդերևութաբանների տվյալներով՝ փոթորկի կենտրոնը գտնվում էր Գեռերո նահանգի Ակապուլկո քաղաքից մոտ 335 կմ դեպի հարավ-արևմուտք և Կոլիմա նահանգի Մանսանիլյո քաղաքից 465 կմ դեպի հարավ-հարավ-արևելք։ Այն շարժվում էր հյուսիսային ուղղությամբ՝ շուրջ 11 կմ/ժ արագությամբ։
Փոթորկի մասին նախազգուշացում է գործում Կոլիմա նահանգի Մանսանիլյո քաղաքից մինչև Խալիսկո նահանգի Կաբո Կորիենտես հրվանդանն ընկած առափնյա հատվածում։ Սպասվում է, որ շաբաթ օրը «Թրուդի»-ն կմոտենա ափին, իսկ կիրակի գիշերը կանցնի դրա անմիջական հարևանությամբ։
Մեքսիկայի ռազմածովային ուժերն առափնյա շրջանների բնակիչներին և ծովային ոլորտի աշխատողներին կոչ են արել բարձր ալիքների ու հորդառատ անձրևների պատճառով ցուցաբերել առավելագույն զգոնություն։ Իշխանությունները նախազգուշացրել են նաև գետերի վարարման, ջրհեղեղների և խոցելի շրջաններում սողանքների վտանգի մասին։
Կանխատեսումների համաձայն՝ հանգստյան օրերին Մեքսիկայի հարավարևմտյան ափին կգրանցվի 100-ից 200 մմ տեղում։ Միչոական, Կոլիմա և Խալիսկո նահանգների առանձին շրջաններում տեղումների քանակը կարող է հասնել մինչև 380 մմ-ի։
Կոլիմայի իշխանություններն անմիջական վտանգն առայժմ մեծ չեն համարում, սակայն զգուշացնում են, որ առատ անձրևները կարող են լուրջ հետևանքների հանգեցնել, քանի որ խաղաղօվկիանոսյան ափի հողաշերտը նախորդ մի քանի փոթորիկներից հետո արդեն իսկ գերխոնավացած է։
Միևնույն ժամանակ, ուրբաթ օրը Ստորին Հարավային Կալիֆոռնիա թերակղզու հարավային վերջավորության մոտ ցրվել են «Սայմոն» փոթորկի մնացորդները։ Խաղաղ օվկիանոսում ուժգնանում է նաև «Չամպի» արևադարձային փոթորիկը, որը շարժվում է Մարիանյան կղզիների ուղղությամբ։ Դրա ներսում կայուն քամու արագությունը հասել է մոտ 96 կմ/ժ-ի։
Գուամի և Ռոտա կղզու համար հայտարարվել է թայֆունի վտանգի, իսկ Տինիանի, Սայպանի և հարակից տարածքների համար՝ արևադարձային փոթորկի նախազգուշացում։





























