Իրանը պատրաստ է բանակցությունների ԱՄՆ-ի հետ, սակայն մտադիր չէ ճնշման տակ հրաժարվել իր ինքնիշխան իրավունքներից։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին շաբաթ օրը Բաղդադում Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ, փոխանցել է Mehr-ը։
Արաղչիի խոսքով՝ Թեհրանը պահպանում է դիվանագիտական կարգավորման պատրաստակամությունը, սակայն բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ են փոխադարձ հարգանք և հուսալի երաշխիքներ, որ ռազմական գործողությունները չեն կրկնվի։
Նա ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ ագրեսիայի մեջ և հայտարարել, որ նախկին բանակցային փորձերը բազմիցս փոխարինվել են ռազմական գործողություններով։
Արաղչին նաև հայտնել է, որ Իրանը Կատարի միջոցով փոխանցել է յոթ կետից բաղկացած ծրագիր, որը նախատեսում է Հորմուզի նեղուցում նորմալ նավարկության վերականգնման հնարավորություն յոթ օրվա ընթացքում՝ անհրաժեշտ պայմանների կատարման դեպքում։
Նրա խոսքով՝ ավելի վաղ Թեհրանն ու Վաշինգտոնը Իսլամաբադում, Պակիստանի միջնորդությամբ և Կատարի աջակցությամբ, ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր։ Իրանը պնդում է, որ Օմանի հետ սկսել էր քննարկել նավերի անցումն ապահովելու գործնական միջոցները, սակայն ԱՄՆ հետագա գործողությունները խոչընդոտել են պայմանավորվածությունների իրականացումը։
Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Թեհրանը հանդես է գալիս Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկության օգտին, որն առանցքային նշանակություն ունի համաշխարհային առևտրի և էներգակիրների մատակարարումների համար։ Միևնույն ժամանակ, նա ծովային հաղորդակցության խաթարման պատասխանատվությունը վերագրել է ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին, ինչպես նաև ամերիկյան շրջափակմանը։
Արաղչին կոչ է արել ԻՀԿ երկրներին հանդես գալ Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության օգտին։ Նա նաև հայտարարել է Գազայի հատվածում բռնությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին և աջակցել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի առաջարկին՝ սահմանել Գազայում ցեղասպանության զոհերի հիշատակի օր։
Խոսելով Եմենի մասին՝ Արաղչին հանդես է եկել հակամարտության քաղաքական կարգավորման օգտին և նախազգուշացրել հետագա ռազմական սրման վտանգի մասին։
Նրա խոսքով՝ տարածաշրջանային ճգնաժամերը ռազմական լուծում չունեն, Մերձավոր Արևելքի երկրների անվտանգությունը պետք է ապահովվի տարածաշրջանի պետությունների համատեղ ջանքերով։





























