Հոկտեմբերի 18-ից 20-ը Չինաստանի Չժեցզյան նահանգի Հանչժոու քաղաքում անցկացվում է Լյանչժուի IV ֆորումը։ Միջոցառմանը ներկա է եղել «Նորություններ Հայաստանի» - NEWS.am-ի թղթակիցը։ Ֆորումը միավորել է տարբեր երկրների հետազոտողների, փորձագետների և մշակութային գերատեսչությունների ներկայացուցիչների, իսկ պատվավոր հյուրերի թվում ներկա են եղել նաև Չինաստանում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչներ։ Այս տարվա ֆորումի թեման է՝ «Քաղաքակրթությունների փոխադարձ ներշնչանք, մշակութային ժառանգության պաշտպանություն և նոր դարաշրջանի լույսը»։ Միջոցառումը նվիրված է Լյանչժուի հնագիտական հուշարձանի հայտնաբերման 90-ամյակին, որը հաստատել է ավելի քան 5 հազար տարի առաջ գոյություն ունեցած բարդ քաղաքակրթության առկայությունը։

Չինաստանի Ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի ազգային կոմիտեի նախագահի տեղակալ Ցզյան Սինը հայտարարել է, որ մշակութային ժառանգության պահպանությունը պետք է դառնա բոլորի ընդհանուր պատասխանատվությունը՝ կլիմայական փոփոխությունների, ուրբանիզացիայի և արժեքների ապօրինի շրջանառության նման մարտահրավերների ֆոնին։ «Մշակութային ժառանգությունը ողջ մարդկության ընդհանուր հարստությունն է»,- ընդգծել է Ցզյան Սինը՝ կոչ անելով սերտ միջազգային համագործակցության արտեֆակտների հայրենադարձման, հնագիտական հետազոտությունների և ակադեմիական փոխանակման ոլորտներում։

Չինաստանի մշակույթի և զբոսաշրջության փոխնախարար, մշակութային ժառանգության պահպանության պետական վարչության ղեկավար Ժաո Ցյուանը նույնպես ընդգծել է գործընկերության կարևորությունը․ «Մշակութային ժառանգության պահպանությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է»։ Նրա խոսքով՝ Չինաստանը մտադիր է խորացնել համատեղ նախագծերը, զարգացնել հուշարձանների պահպանման տեխնոլոգիաները և ամրապնդել համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ։

Իր հերթին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի օգնական Նայեֆ Ալ-Ֆաեզը նշել է բաց երկխոսության և միջպետական կապերի առանցքային դերը։ «ՅՈՒՆԵՍԿՕ-ում բարձր են գնահատում երկրների միջև հաղորդակցությունը և մշակութային ժառանգության պահպանման հարցում շարունակական փոխանակումը, քանի որ հենց դա է թույլ տալիս արդյունավետ պաշտպանել քաղաքակրթությունների ժառանգությունը»,- ընդգծել է միջազգային կազմակերպության ներկայացուցիչը։

Դիանա Արուշանյան, Հանչժոու