Լիլիթ Մկրտչյանը նշանակվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ։
Մինչ այս նշանակումը, նա զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։
ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Արաքսիա Սվաջյանը։
Այսօր՝ հոկտեմբերի 19–ին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը համալսարանում Գիտական խորհրդի արտահերթ նիստում ներկայացրել է համալսարանի ռեկտորի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանին։
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Լիլիթ Մկրտչյանին՝ համալսարանի համար կարևոր ժամանակահատվածում բուհին միանալու, ճգնաժամային շրջանում բնականոն գործունեությունն ապահովելու համար և շնորհավորել նրան՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ բարձրագույն կրթության բարեփոխումները Կառավարության ծրագրի կարևոր ուղղություններից են։
«Առջևում մեծ աշխատանք կա, և ուրախ եմ, որ Լիլիթ Մկրտչյանն այդ աշխատանքում ևս լինելու է մեր թիմի անդամներից մեկը։ Նոր պաշտոնում նա շարունակելու է իր ներդրումն ունենալ ոչ միայն Մանկավարժական համալսարանի, այլև երկրի մյուս բուհերի զարգացման գործում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
Լիլիթ Մկրտչյանը շնորհակալություն հայտնել նախարարին՝ վստահության համար, նաև համալսարանի աշխատակիցներին և ուսանողներին՝ ընդգծելով, որ յուրաքանչյուրն իր տեղում ունեցել է կարևոր դերակատարում բուհի բնականոն գործունեության ապահովման և առաջընթացի գործում։
Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից հրաժարական է տվել Արթուր Մովսիսյանը։ Դրանից ռաջ հրաժարական էր տվել նաև կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։





























