Նորվեգիայի իշխանությունները հաստատել են, որ Օսլոյում հանդիպում է տեղի ունենալու Վլադիմիր Զելենսկու, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի միջև։ Ամերիկյան առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, հանդիպմանը կմիանա առցանց ձևաչափով։ Այս մասին հայտնում է Նորվեգիայի կառավարության պաշտոնական կայքը։

«ԱՄՆ հատուկ բանագնացներ թտիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները կմասնակցեն ուկրաինական կարգավորման շուրջ Օսլոյում կայանալիք բանակցություններին։ Նրանք կմիանան քննարկումներին, որոնք այսօր անցկացնում են Զելենսկին, նախագահ Ալեքսանդր Ստուբն ու Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն»,- նշված է Ստյորեի գրասենյակի հաղորդագրության մեջ։

Ըստ հրապարակման՝ Ուիթքոֆը ներկա կլինի տեղում, իսկ Քուշները կմիանա հեռավար ձևաչափով։ Ստյորեի խոսքով՝ հանդիպման նպատակը դիվանագիտական ջանքերն ավելի կառուցողական հուն վերադարձնելն է։ Նա ընդգծել է, որ Ուիթքոֆի և Քուշների մասնակցությունը խնդրել է ուկրաինական կողմը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ բազմիցս հայտարարել էր, որ Ռուսաստանը ցանկանում է հնարավորինս շուտ դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում։ Նա նշել էր, որ Մոսկվան պատրաստ է բանակցությունների գնալ, սակայն Կիևի իշխանությունների կողմից նման ցանկություն չի տեսնում։

Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն էր հայտնել խաղաղության գնալու Զելենսկու անպատրաստակամությունից՝ ենթադրելով, որ վերջինս երբեք էլ չի ձգտել կարգավորման։ Թրամփը նաև հայտարարել էր, որ Ուկրաինային նոր ղեկավար է պետք, որը կկարողանա համաձայնության գալ Ռուսաստանի հետ։

Ավելի վաղ Մայամիում կայացել էին Ուկրաինայի պատվիրակության և ԱՄՆ ներկայացուցիչների բանակցությունները, որոնք, լրատվամիջոցների փոխանցմամբ, ժամանակից շուտ ընդհատվել էին, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր դիզելային վառելիքի հարցով Ռուսաստանի հետ գործարք կնքելու մասին։ Հանդիպման ընթացքում նախատեսվում էր քննարկել ուկրաինական հակամարտության ավարտին ուղղված փոխզիջումային նոր առաջարկների փաթեթը։