Վերջին ժամանակներս Հայաստանի ֆուտբոլային հասարակությունը ակտիվորեն քննարկում է ուրուգվահայ մարզիչ Սերխիո Մարգարյանի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ դառնալու հավանականությունը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի(ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ ՀՖՖ առաջարկել է Մարգարյանին գլխավորել Հայաստանի հավաքականը եւ նրա պատասխանին սպասել մինչեւ դեկտեմբերի 10-ը: Սակայն «Ֆուտբոլ 365» օրաթերթի հաղորդմամբ, Ռուբեն Հայրապետյանի ասածն ու մարզչի խոսքերը միմյանց չեն համապատասխանում:

Մարգարյանն ասել է. «ՀՀՖ-ի հետ բանակցությունները իրականում երկար չեն եղել: Ես ստացել եմ մի հեռախոսազանգ ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանից, ով առաջարկեց միեւնույն ժամանակ գլխավորել ե՛ւ հավաքականը, ե՛ւ ակումբներից մեկը, ինչը իմ ծրագրերի մեջ չէր մտնում: Ակումբային աշխատանքը ինձ չի հետաքրքրում, ես ուզում եմ աշխատել միայն հավաքականի հետ: Նշեցին նաեւ իմ աշատավարձի չափը: Հաջորդ առավոտյան ես հրաժարվեցի այդ առաջարկից վերը նշած պատճառով: Ամենազարմանալին այն էր, որ Հայաստանում իմ պատասխանին սպասել են մինչեւ դեկտեմբերի 10-ը, երբ ես հրաժարվել էի դեռեւս նոյեմբերի սկզբներին»:

Պատասխանելով հարցին, թե առաջարկությունից հրաժարվելու պատճառը եղել է աշխատավարձի չափը, Մարգարյանն ասել է."Իհարկե ոչ: Հավատացեք, ես փողի մասին ընդհանրապես բան չեմ ասել: Մենք չենք էլ քննարկել ֆինանսական կողմը: Ես չէի ուզենա` ինչ-որ մեկը մտածեր, որ Հայաստանի հավաքականը հրաժարվել եմ գլխավորել փողի պատճառով: Ես առեւտուր չեմ անում, երբ խոսքը գնում է հայրենիքի մասին: Հրաժարվել եմ միայն այն պատճառով, որ ստիպված էի համատեղել երկու աշխատանք: Հեքիաթ են պատմում, երբ ասում են, որ ազգային հավաքականի մարզիչը տարվա մեջ աշխատում է 7-8 շաբաթ: Վատ մարզիչը հնարավոր է, որ այդպես է անում: Սակայն համապատասխան մասնագետի համար այդ աշխատանքը տեւում է ողջ տարի: Ամենաթարմ օրինակը Ռուսաստանի հավաքականի մարզիչ Գուս Հիդինգն է, ով գլխավորելով Ռուսաստանի հավաքականը` միեւնույն ժամանակ մարզում էր նաեւ անգլիական «Չելսիին»: Արդյունքում հաջողության չհասավ ո՛չ Ռուսաստանի հավաքականը, ո՛չ էլ անգլիական ակումբը: