Մարդկային և էներգետիկ զգալի ռեսուրսներ ունեցող մերձավորարևելյան երկրները ձգտում են ներկայանալ որպես «միջին տերություններ»։ Այս հայեցակարգի աճող տարածումն ուղեկցվում է բազմակողմ դաշինքների, բազմավեկտոր արտաքին քաղաքականության և հարակից թեմաների շուրջ բազմաթիվ վերլուծական հրապարակումներով։
Սակայն գործընկերային կապերի բազմազանությունը բնորոշ չէ միայն Մերձավոր Արևելքին։ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Թուրքիայի միջև գտնվող Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի պետություններն այս ռազմավարությունը կիրառում են արդեն երեք տասնամյակ՝ շատ ավելի ուժեղ ճնշման պայմաններում։ Նրանց փորձն առավել ակնառու է ցույց տալիս գործընկերային կապերն ընդլայնող և ինքնուրույն գործելու ունակ երկրների տարբերությունը, գրում է The National Interest-ը։
Հայաստանն ընդլայնում է գործընկերների շրջանակը, բայց պահպանում է կախվածությունը։
Հայաստանն իրեն չի դասում «միջին տերությունների» շարքին, սակայն այժմ բազմավեկտոր արտաքին քաղաքականություն է վարում։ Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածությունը Երևանին դրդել է ռազմավարական գործընկերային հարաբերություններ հաստատել եվրոպական և ասիական մի շարք երկրների հետ։
2024 թվականին Հայաստանը սառեցրեց իր մասնակցությունը Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)՝ հայտարարելով, որ մտադիր չէ վերադառնալ այդ կառույց։ Բացի այդ, երկիրը Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացրել, Վաշինգտոնի հետ ստորագրել ռազմավարական գործընկերության կանոնադրություն, ընդունել երկրի հարավով անցնող՝ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող «Թրամփի ուղի» նախագիծը, ինչպես նաև սպառազինության մատակարարումների համար դիմել Հնդկաստանին և Ֆրանսիային։
Այդուհանդերձ, այս շրջադարձը դեռ ավարտված չէ։ «Գազպրոմը» վերահսկում է Հայաստանի գազաբաշխիչ ցանցը, ռուսական զորքերը շարունակում են տեղակայված մնալ Գյումրիում, իսկ Մոսկվան ճնշում է գործադրում Երևանի վրա՝ պահանջելով ընտրություն կատարել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև։
Այս փուլում Հայաստանին հաջողվել է ավելի արագ ընդլայնել գործընկերների շրջանակը, քան նվազեցնել Ռուսաստանից կախվածությունը։
Այս համատեքստում հարևան Ադրբեջանի օրինակն ավելի խոսուն է թվում։
Երբ մարտի 5-ին իրանական անօդաչու թռչող սարքերը հարվածեցին Նախիջևանի էքսկլավի օդանավակայանին, նախագահ Իլհամ Ալիևը հարձակումն անվանեց «ահաբեկչական գործողություն», բանակը բերեց լիակատար մարտական պատրաստականության և փակեց Իրանի հետ սահմանը։
Այն բանից հետո, երբ 2024 թվականի դեկտեմբերին ռուսական ՀՕՊ համակարգերը խոցեցին Azerbaijan Airlines-ի ինքնաթիռը, Բաքուն այնքան հետևողականորեն էր պահանջում ընդունել պատասխանատվությունը, որ ի վերջո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունեց մեղքը և համաձայնեց փոխհատուցում վճարել։
Ադրբեջանը ռազմավարական գործընկերային հարաբերություններ ունի ինչպես Վաշինգտոնի, այնպես էլ Պեկինի հետ։ Հոկտեմբերին Ալիևն ԱՄՆ-ն ու Չինաստանն անվանեց աշխարհի միակ գերտերություններ՝ Ռուսաստանին չներառելով այդ ցանկում։
Վերջին շրջանում Բաքուն որոշ չափով հեռացել է իր ամենամոտ դաշնակցից՝ Թուրքիայից։ Կուսակցության համագումարում Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ երկիրը «որևէ մեկի օգնության կամ հովանավորության կարիքը չունի»։
Բացի այդ, հոկտեմբերի 30-ին Ալիևը չի մասնակցել Անկարայում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին՝ չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական հրավերին։
Ադրբեջանի մանևրելու հնարավորությունները շարունակում են սահմանափակվել հարևան խոշոր տերությունների ազդեցությամբ։





























