ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ծրագրում նոր հարվածներ հասցնել Իրանին, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է դրան։

«ԱՄՆ-ն առաջիկայում Իրանին հարված հասցնելու ծրագրեր չունի, հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ հերքելով այն լուրերը, թե ինքը պատրաստվում է միջանկյալ ընտրություններից հետո սրել հակամարտությունն Իսլամական Հանրապետության հետ», - գրում է Financial Times-ը՝ ամփոփելով Թրամփի հետ հարցազրույցը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Իրանից ստանում է այն, ինչ ցանկանում է։

«Կարծես մենք ստանում ենք այն ամենը, ինչ ցանկանում ենք», - նշել է նա։

Սակայն ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանին հարվածելու անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի դրան։

«Մենք պատրաստ ենք, եթե դրա կարիքը լինի, բայց դրա համար կարող են պատճառներ չլինել», - ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ Իրանի հետ անուղղակի բանակցությունները՝ հարստացված ուրանի նրա պաշարների ճակատագրի շուրջ, շարունակվում են։

«Չնայած այն հանգամանքին, որ այն (հարստացված ուրանը) հարյուրավոր տոննա քարի տակ է, կասեի, որ ուրախ չեմ, որ այն այնտեղ է մնալու։ Այնպես որ, սա այն հարցերից մեկն է, որոնց շուրջ մենք խոսում ենք նրանց հետ», - հայտնել է Թրամփը։

Նա հավելել է. «Մենք բանակցություններ ենք վարում, և կտեսնենք, թե ինչ կստացվի դրանից»։