Պետերբուրգի Պրիմորսկի շրջանային դատարանը բավարարել է Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության հայցը և որոշել լրագրող Ալեքսանդր Նևզորովին, նրա կնոջը, որդուն և 83-ամյա զոքանչին վտարել քաղաքի հյուսիսում գտնվող Լիսի Նոս ավանի՝ նախկինում իրենց պատկանող տնից։

Դատարանը վճռել է, որ նրանք կորցրել են տան օգտագործման իրավունքը, և նրանց հանել է բնակության վայրի հաշվառումից։

2024 թվականի դեկտեմբերին Պետերբուրգի դատարանը հօգուտ պետության բռնագրավել էր Լիսի Նոս ավանում գտնվող հողամասն ու տունը, որոնք պատկանում էին Նևզորովի զոքանչին՝ Նատալիա Կոլեսնիկովային։ Նա անշարժ գույքը գնել էր իր դստերից՝ Լիդիայից, 2023 թվականի օգոստոսին, սակայն դատարանն անվավեր էր ճանաչել առուվաճառքի պայմանագիրը։

Ալեքսանդր Նևզորովն ու նրա կինը՝ Լիդիան, Ռուսաստանից հեռացել են ռուս-ուկրաինական լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո։ Դրանից հետո Ռուսաստանում Նևզորովի նկատմամբ հետապնդումներ են սկսվել․ նրան հայտարարել են «օտարերկրյա գործակալ», բանակի մասին «կեղծ տեղեկությունների» գործով հեռակա դատապարտել ութ տարվա ազատազրկման, ինչպես նաև կնոջ հետ միասին ճանաչել «ծայրահեղական միավորում»։ Ռուսաստանում նրանց գույքը բռնագրավվել է հօգուտ պետության։ 2025 թվականի գարնանը նրանց դեմ ծայրահեղականության ֆինանսավորման գործ է հարուցվել՝ իրենց համար նվիրատվություններ հավաքելու պատճառով։