Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությանը 2027 թվականի պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 22 մլրդ 515 մլն դրամ՝ ընթացիկ տարվա համար նախատեսվածից 3 մլրդ 389 մլն դրամով ավելի։ Այս մասին նոյեմբերի 5-ին՝ խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Գերատեսչությանը հատկացվող միջոցներից 480 մլն դրամը կուղղվի կապիտալ ծախսերին։

Նախարարը ներկայացրել է նաև այն նպատակային ծրագրերի ցուցանիշները, որոնք 2027 թվականին կիրականացվեն Եվրոպական միության երկրների աջակցությամբ։

«2027 թվականի պետական բյուջեով նախատեսված է 41 մլրդ 809 մլն դրամի ծրագրերի իրականացում, որից 7 մլրդ դրամը կհամաֆինանսավորի Կառավարությունը, իսկ 34 մլրդ դրամը կտրամադրեն տարբեր կառույցներ։ Այս ծրագրերն իրականացվում են ոռոգման համակարգի առողջացման, կոշտ թափոնների կառավարման, ճանապարհային ցանցի բարելավման, ջրամատակարարման և ջրահեռացման, քաղաքային և տարածքային զարգացման, անցակետերի արդիականացման, ինչպես նաև էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումների շրջանակում», - ասել է Հովհաննիսյանը։

Ֆինանսների նախարարի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության հետ համատեղ իրականացվող ծրագրերի ծավալը նույնպես կազմում է 41 մլրդ դրամ։ Ամբողջ գումարը նախատեսված է ճանապարհային ցանցի բարելավման համար։

«Քաջարան–Ագարակ ճանապարհի և թունելի կառուցումը ֆինանսավորվում է վարկային ծրագրի հաշվին։ Այստեղ նախատեսված է 19 մլրդ դրամի ֆինանսավորում և Կառավարության կողմից 21 մլրդ դրամի համաֆինանսավորում», - հայտնել է նախարարը։