Հայաստանը կատարել և շարունակում է կատարել ԵԱՏՄ-ի առջև ստանձնած բոլոր պարտավորությունները։ Այս մասին նոյեմբերի 6-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտնել է հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Մենք ակնկալում ենք, որ ԵԱՏՄ բոլոր երկրները կսկսեն ամբողջ ծավալով կատարել միության բոլոր մասնակիցների առջև ստանձնած պարտավորությունները», - ասել է նախարարը։

Նա նշել է, որ սահմանված սահմանափակումների առնչությամբ Հայաստանը դիմել է ԵԱՏՄ հանձնաժողովին։ Հայաստանը հանձնաժողովից արդար որոշում է ակնկալում։

«Եթե արդար որոշում չընդունվի, կամ ընդունվի Հայաստանի դեմ ուղղված որոշում, դա, ըստ էության, կստեղծի նախադեպ, երբ ցանկացած պետության նկատմամբ և ցանկացած պահի կարող են այս կամ այն սահմանափակումները մտցնելու վերաբերյալ որոշումներ ընդունվել»։

Պապոյանն ընդգծել է, որ հայկական ամբողջ արտադրանքը համապատասխանում է բոլոր նորմատիվ փաստաթղթերին և պահանջներին։

«Բոլոր անհրաժեշտ պայմանները պահպանված են, սակայն հայկական շուկայի նկատմամբ սահմանափակումներն ինչ-ինչ պատճառներով շարունակում են գործել», - նկատել է կառավարության ներկայացուցիչը։

Նախարարի խոսքով՝ երբ Հայաստանի ժողովուրդը որոշի դուրս գալ ԵԱՏՄ-ից, դա կանի։ Իսկ եթե որոշի դուրս չգալ, դուրս չի գա։

«Մենք ԵԱՏՄ-ում ենք, լավ աշխատում ենք և փորձում ենք ուղղել նախկին իշխանությունների թույլ տված սխալները», - հայտնել է Գևորգ Պապոյանը։