Ես սկանդալային գրառումներ չեմ անում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ հրաժարվելով պատասխանել հարցին արդյոք պատրաստվում է ներողություն խնդրել ֆեյսբուքյան գրառման մեջ ռուսներին «իվաններ» անվանելու համար: Հիշեցնենքօրեր առաջ Շիրակի մարզպետը անդրադարձել էր Գյումրու օրը տեղի ունեցած տոնախմբության կազմակերպիչ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներին, մեղադրել նրանց քաղաքական շոու կազմակերպելու մեջ և հայտարարել. «Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը»։

Աղմկահարույց այս հայտարարությունն անպատասխան չէր մնացել. Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն արձագանքել է և հայտարարել, թե գրառումը ակամա հիշեցնում է Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի գերմանացի նացիստների բառապաշարը։ Ռուսական կողմը մտահոգիչ է համարել հատկապես այն հանգամանքը, որ հայտարարության հեղինակը Շիրակի մարզպետն է, որտեղ ծառայություն են իրականացնում ռուսական 102-րդ ռազմաբազան և ռուս սահմանապահները։

ՌԴ Դաշնային խորհրդում էլ կոչ են արել քննարկել Շիրակի մարզպետի համար Ռուսաստան մուտքի արգելքը։