Գիտնականները վերծանել են Ուելսի ափերի մոտ՝ նավաբեկության վայրում հայտնաբերված 400-ամյա կողպեքի քառանիշ ծածկագիրը։ Ինչպես հայտնում է BBC News-ը, դրանում օգնել է համակարգչային տոմոգրաֆիան, որը թույլ է տվել ուսումնասիրել հնամենի կողպեքի ներքին մեխանիզմը։
Գանձ որոնող Փիթեր Հյուզը արույրե կողպեքը հայտնաբերել է 1999 թվականին՝ Պորտ Թոլբոթ քաղաքի մոտ գտնվող Մորֆա լողափում։ Պարզվել է, որ գտածոն իսպանական Ann Francis նավի գանձերի մի մասն է։ Իսպանիայից վերադառնալիս նավը 1583 թվականի դեկտեմբերի 28-ին հայտնվել էր փոթորկի մեջ։ Դրա բեռը մի քանի դար թաքնված է եղել ավազի տակ։
Հյուզը հարյուրավոր հնագիտական առարկաներ է գտել, այդ թվում՝ իսպանական արծաթե մետաղադրամներ և դրանք կշռելու համար նախատեսված հատուկ կշռաքարեր։ Հնարավոր է՝ կողպեքը պաշտպանել է այդ արժեքավոր իրերը կամ փակել փաստաթղթեր, գործվածքներ և չպահպանված այլ իրեր պարունակող սնդուկը։

Գանձ որոնողը շուրջ 20 տարի փորձել է ինքնուրույն գտնել ճիշտ համակցությունը, սակայն՝ ապարդյուն։ Ուելսի ազգային թանգարանի և Քարդիֆի համալսարանի մասնագետները միկրոհամակարգչային տոմոգրաֆիայի միջոցով սկանավորել են կողպեքը և պարզել ծածկագիրը՝ ANCE։
Կողպեքն ունի չորս պտտվող օղակ, որոնցից յուրաքանչյուրի վրա վեց տառ կա։ Դրանք տալիս են 1296 հնարավոր համակցություն։ Լրացուցիչ բարդություն էին ստեղծում կողպեքի ծայրերում գտնվող անշարժ տառերը, որոնք կարող էին շփոթեցնել այն բացել փորձողներին։
Քարդիֆի համալսարանի հետազոտող Դևիդ Ուիլյամսը խոստովանել է, որ սկզբում կասկածում էր փորձի հաջողությանը։ Սակայն մի քանի փորձից հետո մասնագետներին հաջողվել է տեսնել կողպեքի ներքին կառուցվածքը և գտնել ծածկագիրը։
Թանգարանի հավաքածուների պատասխանատուների խոսքով՝ գտածոն արտասովոր լավ է պահպանվել և մինչ օրս աշխատում է այնպես, ինչպես մի քանի դար առաջ։ Հնագիտական առարկաների հավաքածուն Ուելսի ազգային թանգարանին է փոխանցվել 2017 թվականին, իսկ 2026 թվականի հուլիսից այն ցուցադրվում է Սուոնսիի առափնյա զբոսավայրում գտնվող թանգարանում։




























