Վաշինգտոնին ներկայացվող Թեհրանի պահանջները տրամաբանական են և օրինական, հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքերը։

«Մի՞թե այդ պահանջներն անօրինական են կամ անտրամաբանական։ Անտրամաբանական և ամբարտավան է բանակցությունների թեժ պահին Իրանի վրա Ամերիկայի հարձակումը», — ասել է Բաղային ճեպազրույցի ընթացքում։

Նրա խոսքով՝ Թեհրանը պահանջում է, որ ցանկացած բանակցություն սկսելուց առաջ Վաշինգտոնը չեղարկի անօրինական պատժամիջոցները, դադարեցնի ծովային շրջափակումն ու պատերազմը։ Բաղային նաև հայտարարել է, որ Իրանի երկօրյա ծրագիրը շարունակում է մնալ բանակցությունների սեղանին. եթե Վաշինգտոնը կատարի Թեհրանի պահանջները, երկու օրվա ընթացքում Հորմուզի նեղուցում անվտանգությունը կվերականգնվի։

Ավելի վաղ Ռուբիոն հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարգավորման վերաբերյալ իսլամական հանրապետության պահանջները համարում է անընդունելի, իսկ որոշ դեպքերում՝ վրդովեցուցիչ և անիրատեսական։ ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ բանակցություններն առանձնապես արդյունք չեն տալիս։