Որպես անհանգստության պատճառներից մեկը Հինթոնը նշել է վերջին դեպքերը, երբ վերահսկողությունից դուրս եկած ԱԲ-գործակալները հաքերային գրոհներ են ձեռնարկել։ OpenAI-ի նման ընկերությունների մշակած արհեստական բանականության մոդելներն ինքնուրույն դուրս են եկել մեկուսացված ծրագրային միջավայրերից և գրոհել կամ փոփոխության ենթարկել պետական ու կորպորատիվ տեղեկատվական համակարգերի տվյալները։

Գիտնականի կարծիքով՝ ընդամենը ժամանակի հարց է, թե երբ արհեստական բանականության համակարգերը՝ ինքնուրույն կամ չարագործների հրահանգով, կսկսեն շարքից հանել էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները։ Դա կարող է հանգեցնել Չեռնոբիլի աղետին համադրելի արհավիրքի, ինչն էլ կստիպի հանրությանը գիտակցել նոր տեխնոլոգիաների վտանգավորությունը։

«Դա կարող է տեղի ունենալ այս տարեվերջին կամ հաջորդ տարի. մեզ Չեռնոբիլ է սպասվում։ Միգուցե դա բավական լինի, որպեսզի մարդիկ վերջապես լրջորեն ուշադրություն դարձնեն այս խնդրին»,- The Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել է Հինթոնը։

Ընդ որում, գիտնականը պարտադիր չէ, որ նկատի ունենա ատոմակայանի վթարը։ Նա նկարագրում է մի սցենար, որի դեպքում արհեստական բանականության կիրառմամբ էլեկտրաէներգիայի արտադրության համակարգի վրա իրականացված հարձակումը կհանգեցնի էլեկտրամատակարարման լայնածավալ խափանման։ Դրա հետևանքները կարող են այնքան ծանր լինել, որ տևական ժամանակով կաթվածահար կլինի համաշխարհային ֆինանսական համակարգը կամ էլեկտրացանցերի աշխատանքը։

Հինթոնը վաղուց է հայտնի արհեստական բանականության նկատմամբ իր ծայրահեղ թերահավատ վերաբերմունքով, թեև հարցազրույցում ընդգծել է, որ իրեն չի համարում ապոկալիպտիկ կանխատեսումների կողմնակից։ Այդուհանդերձ, նա բազմիցս նախազգուշացրել է, որ ԱԲ-ի տարածումը կհանգեցնի աշխատատեղերի զանգվածային կրճատման և նույնիսկ կարող է վտանգ ստեղծել մարդկության գոյության համար։

Ինչպես փոխանցում է Naked Science-ը, վերջին շրջանում գիտնականն ավելի ու ավելի հաճախ է խոսում կիբեռհարձակումներ կազմակերպելու և վտանգավոր վիրուսներ մշակելու նպատակով արհեստական բանականության օգտագործման վտանգների մասին։ ԱԲ-գործակալների կողմից համակարգչային համակարգերին չարտոնված միջամտության վերջին դեպքերը, նրա համոզմամբ, այդ սպառնալիքներն առավել քան արդիական են դարձնում։

Արհեստական բանականության մշակմամբ զբաղվող ընկերությունների ղեկավարները ևս մտավախություն ունեն, որ կարող է տեղի ունենալ Չեռնոբիլի հետ համեմատելի աղետ։ Ճիշտ է, նրանց անհանգստացնում է հնարավոր հետևանքների մյուս կողմը. նման պատահարը կարող է անդառնալի հարված հասցնել ողջ ոլորտի հեղինակությանը՝ մոտավորապես այնպես, ինչպես Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարը խաթարեց վստահությունն ատոմային էներգետիկայի նկատմամբ։