Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին Փարիզում քննարկելու է Հայաստանի Ազգային ժողովի մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը:
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, ով որպես խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ մասնակցելու է ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի փարիզյան քննարկմանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, թե պահանջելու է, որ Հայաստանում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումները քննարկման առարկա դառնան ոչ միայն Մոնիտորինգի հանձնաժողովում, այլեւ Խորհրդարանական վեհաժողովում։
Այսօր կայանալիք նիստից հետո հետո պարզ կդառնա, թե արդյո՞ք ձմեռային նստաշրջանում Հայաստանի հարցով քննարկում կլինի, թե ոչ։ Նշենք, որ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին Զարուհի Փոստանջյանից բացի մասնակցելու են նաեւ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, հանրապետական Դավիթ Հարությունյանը եւ «ՀՅ Դաշնակցություն» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը։




























