20 տարի առաջ, երբ հայությունը ոտքի էր ելել Արցախը մայր հայրենիքին վերամիավորելու արդար պահանջով ու վճռականությամբ, ծնունդով արցախցի, Ղարաբաղյան շարժման մասնակից, Հայաստանի սամբոյի եւ ձյուդոյի հանրապետական մարզադպրոցի տնօրեն Լեոնիդ Հայրապետյանի նախաձեռնությամբ եւ ջանքերով բացվեց Սամբոյի եւ ձյուդոյի հանրապետական մարզադպրոցի ԼՂԻՄ մասնաճյուղը, որի մասին թիվ 387-Մ հրամանը ՀԽՍՀ կրթության նախարարն արձակեց 1989թ. դեկտեմբերի 18-ին։
Երեք տասնյակ խմբեր, որոնց գործունեության համար անհրաժեշտ ամբողջ մարզագույքն ապահովվեց Հայաստանի սամբոյի եւ ձյուդոյի հանրապետական մարզադպրոցի միջոցներով, գործել սկսեցին Ստեփանակերտում, Մարդակերտում, Մարտունիում, Շուշիում, Բերդաձորում։ Դպրոցի մասնաճյուղի նպատակը եղել եւ մնում է առողջ, ուժեղ ու հաղթանակող սերունդ ունենալը։ Արցախյան հերոսամարտի տարիներին դպրոցի տնօրենը, ավագ մարզիչը, մարզիչներից, մեթոդիստներից ու ավագ խմբերի սաներից շատերը մասնակցեցին նաեւ մարտական գործողություններին։ Նրանցից մեկ տասնյակը, ավաղ, կյանքը զոհեց հանուն հայրենիքի ազատության։
1993 թվականին, երբ հայոց զինուժը ազատագրում էր նախնյաց հողը, ԼՂՀ սամբոյի հավաքականը (ուժեղացված ՀՀ մարզիկներով) առաջին անգամ պաշտոնապես մասնակցեց աշխարհի առաջնությանը։
Նույն տարվա Սամբոյի Եվրոպայի առաջնությունից, որն անց էր կացվում Իտալիայի Թուրին քաղաքում, արցախցի սամբիստները հայրենիք վերադարձան 5 ոսկե, 3 արծաթե, 2 բրոնզե մեդալներով, թիմային հաշվարկով գրավելով 3-րդ տեղը։
Հարկ է նշել, որ ԼՂՀ հավաքականի մասնակցությունը առաջնություններին, հնարավոր դարձավ ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի ֆինանսական աջակցության շնորհիվ։ Արցախցի սամբիստները աշխարհի եւ Եվրոպայի հետագա առաջնություններում ՀՀ հավաքականի կազմում նվաճել են 1 ոսկե, 4 արծաթե եւ 10 բրոնզե մեդալ, 60-ից ավել` միջազգային մրցաշարերում եւ ՀՀ առաջնություններում։



























