2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ժամանակ զոհված 10 անձանցից 9-ի իրավունքների պաշտպանությունը ստանձնած Արտակ Զեյնալյանը պատրաստվում է ընդհանուր իրավասության դատարանում վիճարկել գլխավոր դատախազության անգործությունը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ինքը՝ Զեյնալյանը: Վերջինս նշեց, որ դեկտեմբերի 10-ին գլխավոր դատախազություն է ուղարկել 9 զոհվածների իրավահաջորդների բողոքները, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել: Այնինչ, 3 օրվա ընթացքում գլխավոր դատախազը կամ նրա անունից որեւէ մեկը պարտավոր էին պատասխանել:

Զեյնալյանը դատախազության անգործության փաստը հիմնավորելու համար օրինակ բերեց 17 կետից բաղկացած Զաքար Հովհաննիսյանի գործի շարքը, որտեղ նշվում է, թե ինչ է արվել եւ ինչ պիտի արվեր. «Սպանությունների վերաբերյալ գործ չի հարուցվել, դեպքի վայրերը չեն նկարահանվել», ինչը հակասում է արդյունավետ քննության իրավունքին:

Նա նաեւ նշեց, որ զոհերի հարազատներին համապատասխան տեղեկություններ չեն տրամադրվել գործի ընթացքի վերաբերյալ, իսկ դատախազության անգործության մասին ասաց, որ իհարկե, դա դիտավորություն է: