ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ, դեմոկրատ Հովարդ Բերմանը եւ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Ֆրենք Փալոունը հունիսի 4-ին հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտել են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Հարավային Կովկաս կատարած այցի առաջին ժամերին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա կատարված անամոթ գրոհը, որի հետեւանքով զոհվել է 3 հայ զինծառայող, կան վիրավորներ: Այս մասին հաղորդում է Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը:

Ադրբեջանական գրոհից ժամեր անց առանձին հայտարարություններով ԱՄՆ Կոնգրեսի անդամները կոչ են արել Հիլարի Քլինթոնին հստակ եւ ոչ երկիմաստ կերպով դատապարտել Ադրբեջանի ագրեսիան, անհանգստություն են հայտնել ԱՄՆ կողմից Ալիեւի ռեժիմին զենք վաճառելու անավարտ գործարքի առնչությամբ, նաեւ կոչ են արել ուժեղացնել Կոնգրեսի 907-րդ ակտի սահմանափակումները, մասնավորապես, Ադրբեջանին ռազմական օգնության մասով: Նրանք նաեւ իրենց ցավակցություններն են հայտնել զոհված զինվորների հարազատներին:

«Ադրբեջանցի ինվորականներին կողմից բռնության այս վերջին գործողությունը էլ ավելի կարեւոր է դարձնում այն, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դատապարտի այդ գործողություններն իր Բաքու այցելության ժամանակ: Շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքները Ալիեւի ռեժիմի ռազմաշունչ հռետորության ուղղակի հետեւանքն են եւ դրանք պետք է դադարեցվեն: Մենք պետք է ամբողությամբ կիրառենք 907-րդ ակտը եւ արգելենք ցանկացած տիպի զենքի կամ երկակի օգտագործման համար նախատեսված ապրանքի տրամադրում Ադրբեջանին»,-ասել է կոնգրեսական Ադամ Շիֆը:

Կոնգրեսական Շերմանը, ով երկար ժամանակ պայքարում է Լեռնային Ղարաբաղի իրավունքների համար, ընդգծել է.  «Ես վճռականապես եւ անխոս դատապարտում եմ հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած հարձակումը, որի արդյունքում հայ երեք զինվորներ են զոհվել: Այդ հարձակման ժամանակը` Հիլարի Քլինթոնի այցի նույն օրը, ընդգծում է Բաքվի խոր արհամարհանքը հարեւանների հանդեպ եւ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացին հավատարմության բացակայությունը: Ես նախագահի վարչակազմին կոչ եմ անում ոչ միայն դատապարտել, այլեւ իրագործել Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձեւի լրացումը` առանց մերժման: Մենք չենք կարող Ադրբեջանին ոչ մի օգնություն ցուցաբերել, քանի դեռ Բաքուն շրջափակման մեջ է պահում  Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը եւ խախտւմ է հարեւանների հետ խաղաղությունը: Մենք պետք է արգելենք Ադրբեջանին ցանկացած զենքի վաճառքը, առավել եւս, որ այն կարող է օգտագործվել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ»:

Կոնգրեսական Բերմանը նշել է, որ լրջորեն անհանգստացած է Ադրբեջանի կողմից սահմանային անպատկառ, չհիմնավորված հարձակման մասին մամուլում տեղ գտած հրապարակումների կապակցությամբ, որի արդյունքում հայ երեք զինվորներ զոհվել  են, հինգը` վիրավորվել: Այդ վրդովեցուցիչ արարքն ընդգծում է վերջերս Ադրբեջանի կառավարությանն առաջարկված  ամերիկյան ռազմական տեխնիկայի վաճառքը կանխարգելելու ծայրահեղ կարեւորությունը: Այն վաճառքը, որը ես վերջերս Պետքարտուղար Քլինթոնին խնդրեցի դադարեցնել: Բացի Հայաստանի դեմ այդ սպառազինության կիրառումից, այդ վաճառքը միանգամայն կեղծ ազդանշան կտա Ադրբեջանին, հատկապես այս սահմռկեցուցիչ միջադեպի լույսի ներքո»:

Կոնգրեսական Փալոունը ընդգծել է, որ «նմանատիպ ագրեսիան հիմք է Ադրբեջանի գործողություններիը վարչակազմի անունից դատապարտելու համար: Ես հուսով եմ, որ Պետքարտուղար Քլինթոնը, որը տվյալ պահին Կովկասում է եւ չորեքշաբթի օրը Բաքվում պետք է հանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, խստորեն կզգուշացնի, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի նման բռնություն եւ Ադրբեջանին պատասխանատվության կկանչի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` հունիսի 4-ի գիշերը, Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի եւ Բերդավան գյուղերի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհվել է 3 եւ վիրավորվել` 6 զինծառայող (նրանցից մեկն սպա է):

Զոհված զինվորներն են Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը եւ Կարեն Կամոյի Դավթյանը:
Ավելի վաղ Հայաստանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել միջադեպի կապակցությամբ, որտեղ նշվում է, որ հունիսի 4-ին, ըստ նախնական տվյալների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր: Ձեռնարկված միջոցառումների եւ հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է եւ տալով կորուստներ` հակառակորդը հետ է մղվել:

Նշենք նաեւ, որ վիրավորներից երեքին տեղափոխել են Երեւան: