2008թ. մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրելու համար ստեղծված, ապա նախագահի հրամանագրով լուծարված փաստահավաք խմբի անդամներ Սեդա Սաֆարյանն ու Անդրանիկ Քոչարյանը մինչեւ հունվարի 15-ը ողբերգական այդ իրադարձություններին վերաբերող նոր՝ թվով 5-րդ զեկույցն են ներկայացնելու: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց Փաստահավաքում «Ժառանգության» ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

Վերջինս չմանրամասնեց, թե ինչպիսին է լինելու նոր զեկույցը, միայն ասաց, որ այն հիմնված է լինելու Փաստահավաք խմբի ձեռք բերած հսկայածավալ նյութերի վրա: «Մենք նայել ենք Նիկոյանի (ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի-NEWS.am) զեկույցը, եւ գտնում ենք, որ շատ հետեւություններ չեն բխում Փաստահավաք խմբի նյութերից: Այդ նյութերից աննշան բան է օգտագործվել»,- նշեց Սաֆարյանը: