ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովը գաղտանզերծել է Հայաստանի վերաբերյալ զեկույցը, որի հեղինակներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն չէին ժամանել հանձնաժողովի դեկտեմբերի 17-ին նիստին: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ¸ դաշնակցական Արմեն Ռուստամյանը, մոտ 20-էջանոց զեկույցում համազեկուցողները մանրակրկիտ անդրադարձել են «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցին: Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն տարակուսանքով են վերաբերվել Սամվել Նիկոյանի ղեկավարած հանձնաժողովի այն գնահատականին, թե 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ ոստիկանության գործողությունները իրավաչափ եւ համաչափ են եղել` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը¸ որ ոստիկանների արձակած «Չերյոմուխա»-ից առնվազն երեք մարդ է սպանվել:
Կոլոմբիեն եւ Պրեսկոտը նաեւ կարծում են, որ 10 զոհերի մահվան բոլոր հանգամանքները դեռ չեն պարզվել, մեղավորներին էլ չեն բացահայտել:
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հայտնել է, թե ողջամտության տեսանկյունից` ոստիկանության գործողություններն իրավաչափ չեն եղել, բայց «իրավական տեսանկյունից` այդ առումով մեղադրանք ներկայացնելու հիմքեր չկան»:




























