Հայաստանի առաջին նախագահի վերջին հայտարարությունները հաստատեցին կարծիքս այն մասին, որ քաղաքականության մեջ միշտ էլ զարմանալու բան կգտնվի: Այդ մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի հանրապետական կուսակցության մամլո քարտուղար, խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով հունիսի 26-ին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին հնչած հայտարարությունները:

Շարմազանովի խոսքով` ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի առաջին մասն ավելի շատ ոչ թե օբյեկտիվ գնահատական էր, այլ Ղարաբաղի հարցով միջազգային միջնորդների հայտարարությունների ապակոդավորում, ընդ օրում` ոչ օբյեկտիվ ապակոդավորում:

Մինչդեռ, ըստ Շարմազանովի` ՀԱԿ-ի կողմնակիցները Լեւոն Տեր-Պետրոսյանից ակնկալում էին բացատրություն,  թե ինչու չկա առաջընթաց ղարաբաղյան հարցի կարգավորման հարցում: «Ավելի օբյեկտիվ կլիներ, եթե առաջին նախագահը հայտարարեր, որ  ղարաբաղյան հարցի կարգավորման հարցում  չկա առաջընթաց Ադրբեջանի ռազմավարական քաղաքականության հետեւանքով, Ադրբեջանի կողմից հրադադարը պահպանելու ցանկության բացակայության, ինչպես նաեւ ադրբեջանական դիվերսիոն գործողությունների պատճառով, մինչդեռ  առաջին նախագահի հայտարարությունն այդ համատեքստում անհասկանալի էր»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է ելույթի երկրորդ մասին, այստեղ Տեր-Պետրոսյանն անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեությանը` այն ներկայացնելով որպես ընդդիմադիր ուժ: Ըստ Շարմազանովի` դա մամուլի սուբյեկտիվ տեսության է նման` նվիրված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:  «Չեմ կարծում, թե ԲՀԿ-ի մեր գործընկերները Լեւոն Տեր-Պետրոսյանի փաստաբանական ծառայությունների կարիքն ունեն: Սակայն հենց այդ կարգավիճակում մենք տեսանք Լեւոն Տեր-Պետրոսյանին», - ընդգծել է Շարմազանովը: