Սպորտը եւ ֆիզիկական կուլտուրան ռազմավարական նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար, իսկ պետությունը այսուհետ բոլոր հնարավոր միջոցներով աջակցելու է այս ոլորտի զարգացմանը։ Այս մասին դեկտեմբերի 25-ին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ 2009 թվականի ընթացքում լավագույն արդյունք ցույց տված մարզիկների եւ մարզիչների հետ հանդիպմանը։
ԼՂՀ նախագահը իր գոհունակությունն է հայտնել արցախցի մարզիկներին՝ Հայաստանի, Եվրոպայի եւ աշխարհի տարբեր առաջնություններում ունեցած հաջողությունների համար։
Հանդիպման ավարտին նախագահը հանձնել է մրցանակներ բարձր արդյունք ցույց տված մարզիկներին եւ մարզիչներին։
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արարատ Ավանեսյանը եւ ԼՂՀ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը։




























