Ռուս հայտնի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինին  «արտասահմանյան գործակալ» է անվանել:

«Ծանոթացեք, սա գեներալ-գնդապետ, ՌԴ   Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինն է` արտասահմանյան գործակալ», -իր «Կենդանի մատյանում»,- գրել է   Ալեքսեյ Նավալնին` հաղորդագրությանը կցելով Բաստիրկինի լուսանկարը:

Ինչպես հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», Նավալնին շարունակել է Ալեքսանդր Խինշթեյնի  հետաքննությունը, որը նա թերթի էջերում սկսել էր դեռեւս 2008 թ.:

Ինչպես իր բլոգում գրել է Նավալնին, դեռեւս 2008թ. «եդինոռոս» պատգամավոր Խինշթեյնը տվյալներ էր հրապարակել այն մասին, որ պետական բարձրաստճան ծառայող Բաստիրկինը Չեխիայում անշարժ գույքի սեփականատեր է եւ այնտեղ ընկերություն է հիմնել:

«Մենք որոշեցինք քննել այդ թեման: Անմիջապես պարզվեց, որ այն բավական հեշտ է. Չեխիայում  ընկերությունների, անշարժ գույքի ունեցվածքի, քաղաքացիների կացության եւ այլնի մասին տեղեկատվությունը համարվում է  հանրությանը հասանելի, այն կարող է խնդրել եւ ստանալ ցանկացած մարդ», - հայտնում է Նավալնին:

Ինչպես գրում է ընդդիմադիրը, 2007 թվականի փետրվարի 6-ին Ա. Ի. Բաստիրկինը, որն զբաղեցնում էր ՌԴ-ի Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը, տիրապետելով պետական գաղտնիքին,  բնակության իրավունք էր ստացել ՆԱՏՕ-ի անդամ երկիր Չեխիայում` «գործադիր մենեջեր, իրավաբանական անձի մասնակցությամբ» ձեւակերպում ստանալու նպատակով:

Նավալնին մեղադրում է Բաստրիկինին նաեւ նրանում, որ վերջինս Խինշթեյնի հրապարակումից հետո  սկսել էր թաքցնել հետքերը, որի համար «կեղծ գործարքներ է իրականացրել»: Ընդ որում ընդդիմադիրը պնդում է, որ 2008 թվականին Բաստրիկինը չի վճարել 50 000 չեխական կրոն հարկն իր ակտիվների վաճառքից  եւ այդ գործարքը չի նշել Ռուսաստանի հարկայինում: