Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին մեղադրանք է ներկայացվել «Կիրովլես» ձեռնարկության ունեցվածքի յուրացման համար: Նրանից քաղաքից դուրս չգնալու ստորագրություն է վերցվել:
Ինչպես հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը, Նավալնիի նկատմամբ քրեական գործը վերաորակավորվել է ավելի ծանր հոդվածի: Սկզբնապես խոսքը «խաբեւոթյան կամ վստահության չարաշահման ճանապարհով գույքային վնաս հասցնելու» մասին էր, այժմ Նավալնիին մեղադրում են «ուրիշի ունեցվածքի յուրացման» մեջ: Եթե սկզբնապես վնասը գնահատում էին 1,3 միլիոն ռուբլի, ապա այժմ` 16 միլիոն ռուբլի: Այս հոդվածով ժամկետը կարող է հասնել 10 տարվա:
Ըստ հետաքննության` 2009 թվականին Ալեքսեյ Նավալնին, որն այն ժամանակ զբաղեցնում էր Կիրովի շրջանի նահանգապետի խորհրդականի պաշտոնը, մի շարք անօրինական գործողություններ է կատարել, որի հետեւանքով Կիրովի պետական շրջանային «Կիրովլես» ձեռնարկությանը հասցվել էր խոշոր վնաս, հայտնում է «vesti.ru»-ն:
Նավալնին մեկնաբանել է նոր մեղադրանքը. «Այն տպավորությունն է, որ այդ ամենն արվել է, որպեսզի առաջին եւ երկրորդ ալիքները ցույց տան սյուժե, որ Նավալնին յուրացրել է 16 միլիոն: Մեր երկրում ամբողջ նավթը գողացել է Խոդորկովսկին, իսկ ամբողջ անտառը` ես»:



























