Կոլորադոյի համալսարանի  հոգեբույժ Լին Ֆենթոնը, որի մոտ էր  բուժվում «կոլորադյան հրաձիգ» Ջեյմս Հոլմսը, գործընկերներին նախազգուշացրել էր Հոլմսի` իրեն անհանգստացնող պահվածքի մասին:

Ըստ The Denver Channel հեռուստաալիքի տվյալների`հունիսի սկզբին Ֆենթոնը համալսարանական հոգեբույժներին հայտնել էր, որ Հոլմսը կարող է հասարակության համար վտանգավոր լինել:  Թե ինչն է Ֆենթոնի մոտ անհանգստություն առաջացրել, չի հայտնվում, սակայն ենթադրվում է, որ Հոլմսը նրան  նախապատրաստվող հանցագործության վերաբերյալ ինչ-որ բան է հայտնել: 

Ավելի վաղ լրատվամիջոցները, վկայակոչելով անանուն աղբյուրներին, հայտնել էին, որ Հոլմսը հանցագործությունից մի քանի օր առաջ մանրամասն ծրագրի վերաբերյալ խոսել է համալսարանական հոգեբույժի հետ, որի անունը չէր հայտնվել:

Կոլորադոյի համալսարանի հոգեբույժների խումբն այդպես էլ չի հավաքվել, որպեսզի քննարկի Հոլմսի պահվածքը, քանի որ վերջինս համալսարանից հեռանալու փաստաթղթեր էր ներկայացրել, հայտնում է «lenta.ru»-ն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, զանգվածային սպանություն էր տեղի ունեցել հուլիսի 20-ին Ավրորայի  Century 16 Movie կինոթատրոնում` Բեթմենի մասին ֆիլմի ժամանակ: 24-ամյա ամերիկացի Ջեյմս Հոլմսը հրաձգություն էր սկսել կինոթատրոնում: Նա սպանել էր 12 մարդու եւ վիրավորել 58-ին:   «Հրաձիգին» ձերբակալել էին միանգամից: Ձերբակալության ժամանակ Ջեյմս Հոլմսն իրեն անվանել էր Ջոքեր`ֆիլմում Բեթմենի երդվյալ թշնամին: