«Նոր ալիք-2012» հայասատնյան պատվիրակությունը Յուրմալայից վերադարձել է վառ տպավորություններով, նրանք հիացած են այնտեղ տիրող լավ մթնոլորտով, ընկերական հարաբերություններով: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն նշեցին «Նոր ալիք-2012»-ի Հայաստանի մասնակից Սուրեն Առուստամյանը եւ նրա պրոդյուսեր Իրինա Վարդանյանը:

Սուրեն Առուստամյանի խոսքով՝ մրցույթը շատ լավ անցավ, ինքը բուռն, դրական լիցքեր ստացավ, իսկ փորձերի ժամանակ լսած խորհուրդները իրեն ոչ միայն  մրցույթում, այլեւ ամբողջ կյանքում պետք կգան: Մրցույթին նրա ներկայացնելիք երկու երգերի փոփոխությունը երգիչը պատճառաբանում է այն հանգամանքով, որ դրանք չէին համապատասխանում փոփ մրցույթի ֆորմատին: Թեեւ մրցույթում նրա կատարած երգերը տարբերվում էին իր ոճից, բայց Սուրենը չի պատրաստվում փոխել իր ոճը: Իսկ թե ինչու նա հայտնվեց 7-րդ հորիզոնականում, Հայաստանի մասնակիցը մի կողմից դա պայմանավորում է վերջին օրով երգերի փոփոխությամբ, ոճային փոփոխությամբ, մյուս կողմից էլ շեշտում է, որ այնտեղ շատ անկանխատեսելի է ամեն ինչ եւ չես հասկանում, թե ժյուրին ինչ չափանիշներով է առաջնորդվում: Օրինակ՝ նրա ֆավորիտը համարվում էր Ուկրաինայի մասնակիցը եւ չէր մտածում, որ Ռուսաստանի եւ Իտալիայի ներկայացուցիչները մրցանակային տեղեր կզբաղեցնեն, առհասարակ ժյուրիի տված շատ գնահատակաների հետ նա այդքան էլ համաձայն չէր:

«Ոչ մեղադրում եմ, ոչ էլ մտածում եմ, որ լավ չտացվեց, ուրախ եմ, որ այդ երգերը ընդունվեցին: Այնտեղ չես հասկանում ժյուրիի կրիտերիաները, շատ անկախատեսելի է,մինչեւ գնալը առհասարակ չէի մտածում տեղի մասին, թե որ տեղը կգրավեմ, մտածում էի լավ ելույթ ունենամ»,- ասաց նա:

Հայաստանի մասնակցին մրցույթին մասնակցությունը շատ բան տվեց, նոր ընկերներ ձեռք բերեց, ծանոթություններ, բայց առայժմ համագործակցության  կոնկրետ պայմանավորվածություններ չկան: Հաջորդ մրցույթը, որին նա կցանկանա մասնակցել, ԱՄՆ-ում կլինի:

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ըստ իրեն հաջորդ տարի ով պետք է ներկայացնի Հայաստանը «Նոր ալիքում», Սուրենը նշեց, որ չի կարող ասել, բայց խոստացավ մտածել եւ ասել:

Սուրեն Առուստամյանի պրոդյուսեր Իրինա Վարդանյանը նշեց, որ «սկզբից պանիկա էր, որովհետեւ հասկացան, որ երգը փոխում են, իրենց տվեցին չորս ժամ եւ ասացին, որ գնացեք մտածեք` ինչ երգ եք բերում»: Նա եւս շեշտեց, որ շատ առողջ մթնոլորտ էր մրցույթում, բոլորն իրար օգնում էին համերգներից հետո երեկույթներ էին կազմակերպվում եւ այլն: «Իհարկե, կուզենայինք մրցանակ, բայց կարեւորն այն է, որ Սուրենը սիրվեց հանդիսատեսի կողմից, իր հետքը թողեց մրցույթում՝ պայծառ ժպիտով, կիթառով:  Հեշտ էր Սուրենի հետ աշխատելը, նա առողջ մտածելակերպով տղամարդ է եւ կարծում եմ, որ շատ հաջողությունների  կհասնի»,- նշեց նա: Պրոդյուսերը եւս նշեց, որ անսպասելի էին  առաջին երեք տեղ զբաղեցնողների անունները, քանի որ իրենք բոլորովին այլ եռյակ էին կազմել եւ փորձերի ժամանակ կարծում էին, թե  ֆավորիտը Իսրայելի աղջիկն է: Պրոդյուսերը գոհ է Սուրեն Առուստամյանի ելույթից, ասում է, երբ նա երգում էր Անդրեի «Իմ սերը քեզ երգը», մարդիկ փշաքաղվում էին:

Նշենք, որ Լատվիական Յուրմալա քաղաքում ավարտվել է փոփ երաժշտության երիտասարդ կատարողների 11-րդ միջազգային «Նոր ալիք-2012» մրցույթը: Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Առուստամյանն առաջատարների եռյակում չի հայտնվել: Նա 7-րդ հորիզոնականում է: Իսկ գլխավոր մրցանակը` 50 հազար եվրոն, հասել է մրցույթի հաղթող, ռուսաստանցի երգչուհի, Niloo-ին: 30 հազար եվրոն ստացել է Իտալիայից Կոնստանցո դել Պինտոն, որը երկրորդ տեղն է զբաղեցրել: 20 հազար եվրո ստացել է երրորդ տեղն զբաղեցրած Ուկրաինայի մասնակցուհի Մարիա Յարեմչուկը: Նրան նաեւ հանձնել են երաժշտական տեսահոլովակի նկարահանման սերտիֆիկատ «Մեգաֆոնից» եւ երգի ռոտացիա  «ՄՈՒԶ TV» հեռուստաալիքում: Այս տարի մասնակցել են 14 երկրներից 16 կատարողներ: