Վրաստանի Արտաքին գործերի նախարարության նախկին փոխնախարար Գեորգի (Գոգա) Գոմիաշվիլիին օգոստոսի 3-ին մահացած են գտել իր սեփական տանը:

Նրան գտել են գլխի մասում հրազենային վնասվածքով, հայտնում են վրացական  լրատվամիջոցները: Նախնական տվյալներով` Գոմիաշվիլին ինքնասպան է եղել:

Գոգա Գոմիաշվիլին փոխնախարարի պախտոնում աշխատել է Սալոմե Զուրաբիշվիլիի (2004-2005թթ.) օրոք` մինչև 2005 թ-ը:

Վերջին շրջանում  Գոմիաշվիլին բիզնեսով էր զբաղվում եւ հանդիսանում էր Կովկասում եւ Միջին Ասիայում «Տոյոտա» ընկերության ներկայացուցչության փոխնախագահը:

Գոմիաշվիլիի ընտանիքի անդամները հայտնել են, որ տեղյակ չեն, թե ինչը կարող էր նախկին դիվանագետին դրդել ինքնասպանության:

Մինչդեռ «Իմեդիա» հեռուստաընկերությունը առաջ է քաշել մի տարբերակ, ըստ որի Գոմիաշվիլին ինքնասպան է եղել` ճապոնական ավտոընկերության ներկայացուցչության իր պաշտոնից հեռացվելու պատճառով: