ԱՄՆ-ի նախագահ Բարաք Հուսեյն Օբաման օգոստոսի 4-ին նշում է 51-ամյակը:

Բարաք Օբաման համաշխարհային դասագրքերում կընդգրկվի ոչ միայն որպես ԱՄՆ-ի առաջին սեւամորթ նախագահ, այլեւ մարդ, որն ապացուցեց, որ հավասար հնարավորությունների երկրում «ամերիկյան երազանքն» առասպել չէ, այլ իրականություն: 

Նա ծնվել է Հավայան կղզիներում` քենիացի ուսանող-տնտեսագետի եւ ԱՄՆ-ի սպիտակամորթ կնոջ ընտանիքում: 1980 թվականին ավարտելով մասնավոր դպրոցը` ընդունվել է  Լոս Անջելեսի Արեւմտյան քոլեջ, որտեղից էլ տեղափոխվել է Կոլումբիական համալսարան, որն ավարտել է 1983 թվականին` քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների բակալավրի աստիճանով:

Օբամայի քաղաքական կարիերան սկսվել է 1990-ականների կեսերին, այն բանից հետո, երբ 1996 թվականին նա ընտրվել էր Իլինոյս նահանգի սենատում: Հետո եղել են Կոնգրեսի ընտրությունները, եւ 2007 թվականին Իլինոյսից սենատոր-դեմոկրատ Բարաք Օբաման պաշտոնապես հայտարարել է նախագահի պաշտոնի համար պայքարի մասին:

2008 թվականի նախագահական ընտրություններին նա հաղթեց` հավաքելով 52,7% եւ առաջ անցնելով Ջոն Մաքքեյնից: 

Բարաք Օբաման արդեն 4 տարի Սպիտակ տանն է: Այս ընթացքում նա խոստացել է շատ, բայց արել քիչ:

Washington Post-ը բերում է Օբամայի 50 ձեռքբերումների ցուցակը: Առաջիններից մեկն առողջապահության բարեփոխումն է եւ «ոգեշնչման փաթեթի» օրենքը, որն ստեղծեց ավելի քան 3,7 միլիոն աշխատատեղ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

Միջազգային ասպարեզում նշվում է Իրաքի պատերազմի ավարտը, ամերիկյան զորքերի դուրսբերումն Աֆղանստանից, Ուսամա բեն Լադենի վերացումը եւ Մուամար Քադաֆիի տապալումը եւ այլն: