Հայտնի ռուս բլոգեր եւ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին հայտնել է, որ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի գրասենյակում  հայտնաբերվել է գաղտնալսման սարք:

«»Մենք ոստիկանություն ենք կանչել»,- Twitter –ի իր միկրոբլոգում հայտնել է Նավալնին, փոխանցում է «Ռոսբալտ»-ը:

Գաղտնալսման սարքը  հայտնաբերել է «ՌոսՊիլ» նախագծի իրավաբան Անդրեյ Միշենկոյի բերած սարքավորումը: Նավալնիի աշխատասենյակում այս սարքավորումը  «ծվծվոցից պայթում էր», հայտնում է «Ինտերֆաքսը»-ը:

Նավալնին գտնված սարքը անվանել է «չեխ հետախույզ Բաստրիկինի գաղտնալսման սարք»` նկատի ունենալով ՌԴ Հետաքննության կոմիտեի ղեկավարին: Նավալնին մեղադրել է Ալեքսանդր Բաստրիկինին այն բանում, որ վերջինիս համար շարունակվել են հասանելի մնալ  պետական գաղտնիքներն այն դեպքում, երբ վերջինս  արտասահմանում ուներ բիզնես, իսկ Չեխիայում`  բնակության թույլտվություն:

Ինքը Նավալնին իր հերթին մեղադրվել է «Կիրովլես»-ի գործով եւ ներկայումս գտնվում է  տնային կալանքի տակ:

«Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը» ոչ կոմերցիոն հիմնադրամ է, որը  2011 թ-ին ստեղծվել է Ալեքսեյ Նավալնիի կողմից: Հիմնադրամը միավորում է Նավալնիի բոլոր նախագծերը եւ միջոցներ է հայթայթում դրանց իրականացման համար, ընդ որում  Նավալնին հրաժարվել է բոլոր անանուն նվիրատվություններից: