Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի  մամուլի քարտուղար Նատալիա Տիմակովան հաստատել է Կամչատկայի մարզում վարչապետի շարասյան մեքենաներից մեկի  վթարի ենթարկվելու մասին տեղեկատվությունը:

Տիմակովան հայտնել է, որ վթարի հետ կապված տեղի է ունեցել սովորական քննություն, որի արդյունքում վթարի մեղավոր է ճանաչվել  շարասյան ավտոմեքենայի վարորդը: Մեքենայի անիվը պայթել է, ինչի պատճառով այն հարվածել է ճանապարհի կողմնային հատվածում կայանած Կուկլինայի մեքենային: Տիմակովայի խոսքերով, տուժածը ապահովագրություն է ստացել, սակայն հրաժարվել է դիմել դատարան  փոխհատուցում ստանալու համար:

Վթարի մասին տեղեկատվությունը հաստատել է նաեւ Կամչատկայի մարզի նահանգապետ Վլադիմիր Իլյուխինը.«Հենց սկզբից էլ ոչ ոք այս պատմությունը գաղտնի չի պահել»,-հայտնել է Իլյուխինը, ընդգծելով, որ վթարը պաշտոնապես գրանցվել է, հայտնում է «Լենտա.ru»-ն:

Կառավարիչը ընդգծել է, որ շրջանային ավտոբազան, որտեղ գրանցված է տուժողի մեքենան, պատրաստ է փակել հասցված վնասը եւ նշել է, որ տուժողը դատարան չի դիմել:  

Ավելի վաղ  NEWS.am-ը հայտնել էր  հուլիսի 4-ին տեղի ունեցած վթարի մասին, սակայն լրատվամիջոցներում մեծ արձագանք ստացել է միայն մեկ ամիս անց, երբ դեպքի հանգամանքների մասին լրագրղներին  պատմել  է տուժողը` Կամչատկայի բնակիչ Օլգա Կուկլինան:

Կամչատկայի բնակչի մեքենայի մեջ տեղադրված է եղել տեսաձայնագրիչ, որը ձայնագրել է վթարը, ինչի մասին էլ նա հայտնել է հատուկ ծառայողներին, որոնցից մեկն էլ, դիմելով իր գործընկերոջը, ասել է.«Եթե սրա մոտ ամբողջ ձայնագրությունը չլիներ, մենք նրա գլխին 37 թիվը կսարքեինք…»: