Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր` 10 մլն դրամով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը: ՀԷՑ-ը խախտել է տները էլեկտրական ցանցին միացնելու վերաբերյալ մի շարք քաղաքացիների հետ կնքած պայմանագրերը եւ նրանց տեղեկացնելու կարգը:

Հանձնաժողովը ՀԷՑ-ին 5 մլն դրամով տուգանել է Նորք-Մարաշ վարչական շրջան, Հովսեփյան 22/10 տան բնակիչ Սոս Հայրապետյանի դիմումի, եւս 5 մլն դրամով` Երեւան քաղաքի Աճառյան փողոցի 63, 65, 99/1, 99/2, 22, 85/2 առանձնատների սեփականատերերի դիմումի հիման վրա:

Համաձայն «Էլեկտրական էներգիայի մատակարարման եւ օգտագործման կանոնների»՝ 6(10) կՎ լարման նոր սպառողի սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման աշխատանքների ավարտի եւ էլեկտրամատակարարման պայմանագիր կնքելու առավելագույն ժամկետները չեն կարող գերազանցել 6 ամիսը: Սակայն ժամկետները վաղուց լրացել են, իսկ աշխատանքները չեն կատարվել:

Հանձնաժողովը ՀԷՑ-ին պարտավորեցրել է երկշաբաթյա ժամկետում տուգանքը փոխանցել ՀՀ պետական բյուջե եւ 30 օրվա ընթացքում քաղաքացիների սպառման համակարգը միացնել էլեկտրական ցանցին կամ պատասխանել նրանց համապատասխան դիմումներին, ներկայացնել էլեկտրամատակարարման պայմանագիր կնքելու առաջարկ:

Ընկերությունը կարող է երկամսյա ժամկետում որոշումները բողոքարկել վարչական դատարան: