Օգոստոսի 9-ին Ուիթնի Հյուսթոնը կդառնար 49 տարեկան: Նրա հայրենի Իսթ Օրանժ քաղաքում ամերիկացիները կհարգեն սիրված երգչուհու հիշատակը: Կկայանա համերգ` ամերիկյան աստղերի եւ Հյուսթոնի մտերիմ ընկերների մասնակցությամբ:
Ուիթնի Էլիզաբեթ Հյուսթոնը ծնվել է 1963թ. օգոստոսի 9-ին Նյուարք քաղաքում (Նյու Ջերսի, ԱՄՆ): Մայրը`Էմիլի Դրինքարդը (բեմական կեղծանունը` «Սիսի»), եկեղեցական հայտնի երգչուհի էր, ոչ հարազատ մորաքույրը`Դիոն Ուորվիքը եւս հայտնի երգչուհի էր: Մանկության տարիներին Ուիթնին երգել է եկեղեցական երգչախմբում, երիտասարդ տարիներին հաջողված ֆոտոմոդել է եղել:
1983թ. Հյուսթոնը պայմանագիր է ստորագրել ձայնագրման Arista Records ընկերության հետ: Նրա առաջին երգերից մեկը` Hold Me անվանմամբ, ամիջապես հայտնվեց ԱՄՆ-ի հիթերի թոփ 50-ում: Առաջին սկավառակը թողարկել է 1985թ.:
1987թ. հունիսին թողարկվել է երկրորդ ալբոմը` Whitney-ն, որը 9-ակի պլատինե վկայագիր ստացավ եւ վաճառվեց 20 միլիոն օրինակով:
1992թ. Ուիթնին առաջին անգամ հանդես եկավ որպես դերասանուհի «Թիկնապահը» ֆիլմում: Ֆիլմի սաունդթրեքը ներառում էր Հյուսթոնի 6 նոր երգեր, այդ թվում անհավանական հաջողության արժանացած I Will Always Love You երգը:
Երգչուհին 400-ից ավելի մրցանակների դափնեկիր էր, այդ թվում` 6 «Գրեմիի», American Music Awardsի մրցանակի, երկու «Էմմի», 15 Billboard Music Awards-ի, People`s Choice -ի 6 մրցանակների եւ այլն:
2011թ. մայիսին Հյուսթոնը ալկոհոլային եւ թմրանյութերի կախվածության դեմ ամբուլատոր բուժում էր ստանում: 2012թ. փետրվարին Հյուսթոնը մահացել էր Լոս Անջելեսի Բեւեռլի Հիլթոն հյուրանոցի համարում: Քննության տվյալներով` նա մահից առաջ թմրանյութ է ընդունել, ինչն էլ դեղերի հետ հակազդելով հանգեցրել է երգչուհու անժամանակ վախճանին:




























