Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հաստատված եւ հունիսի 1-ից մայրաքաղաքում ուժի մեջ մտած` Հայաստանի Հանրապետությունում համայնքային ծառայություն կազմակերպելու կանոնադրությամբ` ծառայությունն իրականացվում է հենակետերի միջոցով, որոնք շահագործվում են ըստ ժամանակացույցի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ օգոստոսի 18-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի, շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ եւս երեք նորակառույց հենակետ բացվեց ոստիկանության Նոր Նորքի, Շենգավիթի եւ Կենտրոնականի բաժինների կողմից սպասարկվող տարածքներում:
Մայրաքաղաքը բաժանված է 40 հենակետային տեղամասի: Հենակետում ծառայություն են իրականացնում 7 համայնքային ոստիկան, որոնցից մեկը` անչափահասների գծով: Յուրաքանչյուր հենակետ սպասարկում է շուրջ 30 հազար բնակչի, եւ քաղաքացին միշտ կարող է դիմել իր ու համայնքի խնդիրներով, գործակցության ծրագրերով ու առաջարկներով:
Մայրաքաղաքում մինչ այս նորամուտը արդեն իսկ գործում էր վեց հենակետ` ոստիկանության Արաբկիրի, Կենտրոնականի, Մալաթիայի եւ Քանաքեռ-Զեյթունի բաժինների սպասարկած տարածքներում:

































