Սեպտեմբերի 1-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգեւոր խորհրդի արտահերթ ժողով:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Գերագույն հոգեւոր խորհուրդը վրդովմունքով եւ մտահոգությամբ անդրադարձել է Բուդապեշտում 2004 թ. ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին ազգային ատելության հողի վրա քնած վիճակում դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովի` Հունգարիայի իշխանությունների կողմից արտահանձնման եւ Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու իրողությանը եւ հանդես եկել հետեւյալ հայտարարությամբ.
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին խստիվ դատապարտում է մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին հանձնելու եւ Ադրբեջանի նախագահի որոշմամբ ներման միջոցով ոճրագործին արդարացնելու փաստը: Կատարվածը հերթական դրսեւորումն է Ադրբեջանի իշխանությունների որդեգրած հայատյաց քաղաքականության: Ցավոք, ժողովրդավարության եւ արդարադատության սկզբունքներ դավանող ԵՄ անդամ Հունգարիան` ոտնահարելով եվրոպական արժեհամակարգի բարոյական նորմերը, պախարակելի համագործակցությամբ սատարեց Ադրբեջանում հերոսացված մարդասպանին ազատ արձակելու նենգ ծրագրին, որը հղի է ազգային եւ կրոնական պատկանելության հողի վրա սպանությունների վտանգով: Մարդկային կյանքը աստվածատուր է, եւ կանխամտածված մարդասպանության ոճրագործությունը` ոճիր մարդկության եւ Աստծո դեմ:
Կոչ ենք ուղղում Հայ Եկեղեցու բոլոր սպասավորներին, աշխարհասփյուռ մեր ժողովրդի հավատավոր զավակներին միասնական ոգով բողոքի իրենց ձայնը հնչեցնելու տեղական հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունների առջեւ` հանուն մեր ազգային իրավունքների պաշտպանության: Դիմում ենք նաեւ մեր Քույր Եկեղեցիներին եւ կրոնական բոլոր կազմակերպություններին` դատապարտելու այս իրողությունը եւ իրենց ձայնը բարձրացնելու հանուն արդարության եւ ճշմարտության»:
Գերագույն հոգեւոր խորհուրդը նաեւ խնդրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին այս առնչությամբ դիմելու կրոնապետերին, ինչպես նաև առանձին պետությունների, միջազգային կազմակերպությունների եւ կրոնական ու հասարակական կառույցների ղեկավարներին:




























