Իրականացման փուլում է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի թվով երրորդ՝ 2011-2013թթ փաստաթուղթը: Այդ մասին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես ֆոգ Ռասմուսենի հետ համատեղ բրիֆինգում:
«Դաշինքի հետ Հայաստանի փոխգործակցության մակարդակը թույլ տվեց Հայաստանին իր ներդրումը բերել միջազգային անվտանգության համակարգին: Ներկայումս Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ գործողություններին Աֆղանստանում եւ Կոսովոյում:
Հայաստանը պատրաստակամ է ու վճռական` պահպանելու եւ զարգացնելու համագործակցության այսօրվա մակարդակը»,- նշել է նախագահը:
Վերջինիս խոսքով, անվտանգության ներկայիս մարտահրավերները համապարփակ եւ միասնական մոտեցում են պահանջում Դաշինքի եւ գործընկեր պետությունների կողմից: «Վստահ եմ, որ գործընկեր պետությունների հետ հարաբերությունները շոշափելի դերակատարություն ունեն Դաշինքի հաջողություններում եւ անվտանգության արդի համակարգի կառուցման գործում:
Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակային փաստաթուղթն արձանագրում է, որ «հիմնարար ազատությունների եւ մարդու իրավունքների պաշտպանությունն ու ամրապնդումը, ազատության եւ արդարության ապահովումը, եւ ժողովրդավարության միջոցով խաղաղության հաստատումն առանցքային ընդհանուր արժեքներ են գործընկերության համար»: Եվ այդ ծրագիրն իրոք զգալի ներդրում է ունեցել մեր երկրի ժողովրդավարական զարգացման գործում 1994թ. ի վեր»,- արձանագրել է Սարգսյանը եւ հավելել. «Բայց, ցավոք սրտի, մենք ականատես եղանք «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում վերոհիշյալ սկզբունքների կոպիտ ոտնահարմանը, ինչը, իհարկե, ստվեր չպետք է գցի մեր եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների վրա»:




























