ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը օգտակար է Հայաստանի համար։ Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ այօսր՝ սեպտեմբերի 6-ին, Երեւանում կայացած հանդիպմանը հաջորդած ասուլիսում ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով միեւնույն ժամանակ երկու ռազմաքաղաքական բլոկների հետ Հայաստանի համագործակցության հարցին։ «Կարծում եմ հաջողությամբ ենք համադրում համագործակցությունը ՀԱՊԿ-ում եւ ՆԱՏՕ-ում։ ՀԱՊԿ-ին անդամակցությունը մեր երկրի ռազմաքաղաքական անվտանգության բաղցկացուցիչ կարեւոր մաս է։ Մենք դա արել ենք գիտակցված, եւ հիմա ել հավատարիմ ենք ՀԱՊԿ-ի սկզբունքերին։»,- ասաց նախագահը՝ ավելացնելով, որ ՆԱՏՕ-ն եւ ՀԱՊԿ-ն մրցակցող կազմակերպություններ չի համարում։
«Ես անկեղծորեն չեմ համարում, որ ՆԱՏՕ-ն եւ ՀԱՊԿ-ը հակամարտող կազմակերպություններ են, առավել եւս չեմ համարում, որ անդամ երկրները չպետք է համագործակցեն։ Ընդհակառակը, այդ համագործակցությամբ մենք պետք է հասնենք կայունության։ Եվ ինչպես բազմիցս ասել եմ, որ մեր գործողություններով մենք չպետք է տեղիք տանք հարաբերությունների սրման։ Իսկ ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությունը մեր համար օգտակար է, եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը մեզ համար կարեւոր է։ Եւ պարոն գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը ես ասացի, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը բխում է մեր երկրի շահերից»,- ասաց Սերժ Սարգսյանը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նույն հարցին պատասխանելով՝ նշեց, որ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ մրցակցություն չկա, ավելին, Հյուսիսատլանտյան դաշինքը համագործակցում է Ռուսաստանի հետ։ «Մենք ականատես եղանք այդ համագործակցության զարգացման։ Ռուսաստանը ՆԱՏՕ-ին Աֆղանստանի համար ճանապարհ է տրամադրում, մենք համագործակցում ենք ահաբեկչության, ծովահենների եւ թմրանյութերի դեմ պայքարում։ Մենք Ռուսաստանին առաջարկում ենք նաեւ համագործակցել հրթիռային պաշտպանության ծրագրով նաեւ, սակայն դեռ առաջընթաց չկա։ ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանը որոշել են իրական ռազմավարական գործընկերություն զարգացնել։ Ես կարծում եմ, որ եվրոատլանտյան տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների շահերից է բխում ՆԱՏՕ-ի եւ Ռուսատանի միջեւ իրական ռազմավարական գործընկերության զարգացումը, որը կպահպանի եվրատլանտյան տարածաշրջանում անվտանգությանը»,- ասաց Ռասմուսենը։




























